Հիմնավորվել է, որ Մարտի 1-ի սպանությունների հեղինակը պետական համակարգն է. իսկ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
Բոլորը

Տասը տարի Հայաստանը ղեկավարելը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ չի դարձնում: Նրա պաշտպանական խումբը նաև չի ներկայացնում դատարանների վրա բիրտ ճնշումների փաստեր: Այս մասին հայտարարում են Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ փաստաբանները:

«Որևէ ապացույց մենք չենք տեսնում բիրտ ճնշումների վերաբերյալ։ Սկզբից հայտարարեցին, թե Աննա Դանիբեկյանի մոտ ինչ-որ մարդիկ են եկել, հետո, երբ առարկություններ եղան, փաստաբանն իր խոսքը հետ վերցրեց: Պարզապես սա հասարակությանն ասելն է, թե Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում»,- նշում են նրանք:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էր դատարանում հայտարարել, թե երկրորդ նախագահի դիմումի հիման վրա կալանքը վերացնելու որոշման հրապարակումից առաջ դատավոր Աննա Դանիբեկյանին այցելություն է եղել՝ ակնարկելով, որ այդպիսով դատավորը ճնշման է ենթարկվել։ Հակադարձելով՝ տուժողների ներկայացուցիչները հարց են բարձրացնում. եթե դատավորն անաչառ չէ, ինչո՞ւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին թույլատրեց բացակայել երկրից:

Քոչարյանի պաշտպանները, ըստ տուժող կողմի ներկայացուցիչների, արհեստական խոչընդոտներ են ստեղծում և փորձում են թույլ չտալ, որ գործը մտնի դատաքննության փուլ։ Ասում են՝ նպատակ կա հասարակությանը հասու չդարձնել Մարտի 1-ի ահասարսուռ մանրամասները:

«Երբ այդ փուլը գա, կտեսնեք՝ ինչ ապացույցներ կան, ինչեր են արել Մարտի 1-ին, ինչ գումարներ են դուրս գրվել և բաժանվել զինվորականներին, հատուկջոկատայիններին: ԼՂ-ից մեծ պատրաստվածություն ունեցող զինվորներին բերել են, պատրաստություն անցկացրել, թե ոնց պետք է խաղաղ հավաքը ցրվի»,- ասում է փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Դատարանների վրա իշխանության կողմից ճնշումները բազմաթիվ են, տուժողների փաստաբաններին հակադարձում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Դատարաններն արգելափակվեցին և դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին Քոչարյանին ազատելուց օրեր անց, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանին այցելության մասին տեղեկությունը, ըստ Խուդոյանի, անհիմն չէ. «Խոսակցությունները հասնում են տարբեր տեղերից, հերթական խոսակցություններից մեկն է, որոշակի մարդկանց վկայություններ, նման տեղեկություններ կան։ Տեսել ենք, որ գործերը ձևական ընթացակարգով փակվում են»:

Ըստ գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի՝ Մարտի 1-ը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը, և ազատության մեջ գտնվելով՝ նա կարող է ազդել վկաների ցուցմունքի, ողջ գործի ընթացքի վրա, ըստ այդմ՝ դատավոր Աննա Դանիբեկյանը օբյեկտիվ է գտնվել՝ երկու անգամ մերժելով Քոչարյանին ազատել կալանքից։ Փաստաբանն այսօր գործից մանրամասներ հայտնեց. մարտիմեկյան իրադարձություններին միջազգային հանրությունից բանակի մասնակցությունը թաքցնելու նպատակով կեղծվել են կարևոր ապացույցներ: Մասնավորապես, ըստ նրա, որպես ապացույց զինվորական մեքենան չի ներկայացվել քննչական բաժին, փոխարենը Ոստիկանության մեքենա է ճանաչվել որպես ապացույց։ Սեդա Սաֆարյանի տեղեկություններով՝ Փաստահավաք խմբում հարցաքննությունից առաջ պաշտոնյաներին Բաղրամյան 26-ում պատրաստել են, թե ինչ հարցերի և ինչպես պատասխանեն։

«Առկա են ցուցմունքներ, որ երբ Փաստահավաք խմբում իրավիճակը շիկացել է, պաշտոնատար անձանց մակարդակով քննարկում է գնացել, թե այդ սպանություններից մի քանիսը ով պետք է իր վրա վերցնի։ Խոսք է գնացել, որ իրենց վրա սպանություն վերցնող անձանց վարձատրության հարցը կդնեն օլիգարխների ուսերին»,- ասաց Սաֆարյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Խուդոյանն ընդունեց՝ գործում տվյալներ կան, որ փորձ է արվել սպանության հոդվածով դատել ոստիկանի, որպեսզի հարցը փակվի։ Սակայն բարձրաստիճան ոստիկաններն ընդդիմացել են դրան: «Մեր գործընկերները թող հանեն մեղադրական եզրակացությունից հատվածներ, որտեղ կերևա, որ իրենց նկարագրած բոլոր սարսափելի բաները կապված են գործով ամբաստանյալներից որևէ մեկի հետ։ Եթե ցույց կտան, նոր կքննարկենք»,- նշեց Հովհանես Խուդոյանը։

Սեդա Սաֆարյանը բացահայտում է, թե 2008 թվականի մարտի 1-ն օլիգարխներից ով ինչ դեր է ստանձնել, ում է զենք բաժանվել. «Գործի նյութերում առկա են տեղեկություններ, փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը, նրա թիկնապահներն են համազգեստ ստացել, և ինքն է նյութապես օգնել Արցախից եկած զինված ուժերին։ Քրեական գործով հիմնավորված ցուցմունքներ կան, թիկնապահներից մարդիկ են հարցաքննվել և առերես պնդել են, որ, այո՛, Մարտի 1-ի կեսօրին Կառավարության շենքի մոտ մեքենայի բեռնախցիկից զենք և հագուստ է տրամադրվել Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի թիկնապահներին, ովքեր համազգեստը հագել են և հանդես են եկել որպես զինվորականներ»:

Մարտի 1-ին «Չերյոմուխա»-ից կրակոց է արձակվել խաղաղ ցուցարարների վրա և, ըստ փաստաբան Ղարագյոզյանի, հիմնավորվել է, որ հայտնաբերված պարկուճները պատկանել են Էրեբունու ոստիկանության զորքերի զորամասին։ Փետրվարի 23-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղից հատուկջոկատայիններ և զինվորականներ են բերվել Երևան, որոնց տեղավորել են հյուրանոցներում, տրվել է հանդերձանք։ Ամեն զինվոր նվազագույնը 55.000 դրամ պարգևավճար է ստացել։ Զինծառայողները քնել են Կառավարության շենքում, ինչի մասին, ըստ տուժողների, նախագահը չէր կարող չիմանալ:

Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ Քոչարյանի պաշտպանները փորձում են սպանությունների չբացահայտումն օգտագործելով՝ հիմնավորել, թե երկրորդ նախագահը դրանց հետ առնչություն չունի. «Մենք գիտենք, թե ովքեր են սպանել 3 տուժողներին: Ակնհայտորեն հիմնավորվել է, որ պետական համակարգն է սպանությունների հեղինակը։ Ինչպե՞ս են նայում 3 սպանություններին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները և ինչպես է, որ այս ուժերի կենտրոնացումը եղել է Լեո և Պարոնյան փողոցներում: Տպավորություն է, որ պատերազմի դաշտ գնալիս են եղել և ինչքան հնարավոր է՝ շատ զինված: Ինչո՞ւ են հանրության համար ստեղծել վտանգավոր իրավիճակ և փորձում են պաշտպանության տակ առնել ողջ համակարգը՝ բացառելով ՀՀ առաջին դեմքի գործառութային դերը և Սահմանադրությամբ սահմանված այն հստակ պահանջը, թե ինչ իրավիճակում կարող էին այս ուժերն օգտագործվել և որտեղ»։

Մինչդեռ Հովհաննես Խուդոյանը նշում է՝ չի կարելի ասել, թե 3 անձ սպանվել է «Չերյոմուխա»-ի կիրառումից։ Դեռ պետք է ապացուցել, որ ոստիկանը հստակ նպատակ է ունեցել անձին զրկել կյանքից։

Փաստաբանի պնդմամբ՝ Քոչարյանի մեղադրանքում սպանության մասին խոսք չկա և Քոչարյանի հետ դրանք որևէ կերպ կապված չեն. «Քրեական դատավարությունը չի իրականացվում պետական համակարգի նկատմամբ, քրեական դատավարությունն իրականացվում է կոնկրետ անձանց նկատմամբ և կոնկրետ անձանց մեղադրականում պետք է շարադրված լինեն իրենց մեղավորությունը վկայող հանգամանքներ։ Հիմա եթե այս մեղադրական եզրակացության մեջ նման բան չկա, մնացած հարցերն անիմաստ է քննարկել»։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը, հիշեցնենք, հոկտեմբերի 7-ին է։ Սպասվում է, որ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավոր Աննա Դանիբեկյանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան