Վարչապետն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքականություն
19.09.2019 | 19:36ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ավիահաղորդակցության բնագավառի զարգացումը մեր երկրում՝ հավելելով, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:
Հանդիպման արդյունքներով վարչապետն առաջարկել է շարունակել քննարկումները ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ՝ համագործակցության հնարավորությունները հստակեցնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: