ՌԴ-ն երբեք Ղրիմի հարցում որևէ զիջման չի գնա. միջազգայնագետը՝ G7 Ռուսաստանի վերադարձի պայմանի մասին

Լուրեր

04.02.2026 | 11:54
Լիբիայում սպանվել է Մուամմար Քադաֆիի որդին 
04.02.2026 | 11:45
«Փյունիկ»-«Սպարտակ» խաղի գոլերը․ ներկա է եղել նաև Եղիշե Մելիքյանը
04.02.2026 | 11:34
Դեսպան Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պելեգրինիի հետ
04.02.2026 | 11:28
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխել
04.02.2026 | 11:26
Էլինա Ավանեսյանը պարտվել է Ալիսիա Պարկսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:11
2025-ին պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք․ Դատախազություն
04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնելու հարցով Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցից հետո թեմայի շուրջ այսօր նոր զարգացումներ են ծավալվել: Եվրոպայում, պարզվում է, այնքան էլ ջերմորեն չեն ընդունել այս գաղափարը:

Մասնավորապես, G7 Ռուսաստանի վերադարձին դեմ են արտահայտվել Գերմանիայում։ Գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը նշել է, որ Մոսկվան նախ պետք է ցույց տա, որ պատրաստ է վերանայել իր դիրքորոշումը Ուկրաինայի արևելքում հակամարտության հարցում, և միայն դրանից հետո կարելի է քննարկել նրան «Մեծ յոթնյակ» հրավիրելու հարցը:

Մեծ Բրիտանիան նույնպես ՌԴ-ի վերադարձը միանշանակ չի ընդունում։ Թագավորության նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «Մեծ յոթնյակ» վերադառնալու համար ոչ բոլոր պայմաններն է կատարել:

Հարցին անդրադարձել են նաև Մոսկվայում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ հարցի քննարկումը նախ պետք է հանրային զվարճանքների ոլորտից մասնագիտական դաշտ տեղափոխել։ Ըստ նրա՝ «Մեծ յոթնյակի» երկրները պետք է դրա շուրջ ընդհանուր դիրքորոշման հանգեն, ինչից հետո Ռուսաստանը կուսումնասիրի այն:

«Մեծ ութնյակի» ձևաչափը վերականգնելու մասին այսօր խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ դա պետք է հնարավոր լինի միայն Ղրիմի՝ Ուկրաինային վերադարձի դեպքում։ Բացի այդ, ըստ Զելենսկու, Մոսկվան պետք է աջակցի Դոնբասում լարվածության նվազեցմանը, ինչպես նաև ազատ արձակի ՌԴ-ում ազատազրկման դատապարտված ուկրաինացիներին:

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահն այսօր նոր հայտարարությամբ է հանդես եկել։ Ըստ նրա՝ «Մեծ ութնյակի» ձևաչափի վերականգնումը հնարավոր է միայն Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորումից հետո: Մակրոնը վստահեցրել է, որ եթե Ռուսաստանն առանց որևէ խնդրի «Մեծ յոթնյակ» վերադարձվի, ապա դա «ռազմավարական սխալ» կլինի համաշխարհային գերտերությունների կողմից և ի ցույց կդնի նրանց թուլությունը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Մեծ յոթնյակի» հավաքին Ռուսաստանի չմասնակցելը բացարձակապես չի նշանակում, թե այդ երկիրը համաշխարհային քաղաքական կամ տնտեսական  գործընթացների վրա ազդեցություն չունի։

«Այլ պետություններին դա դուր գա, թե՝ ոչ, Ռուսաստանն առաջատար տնտեսական ցուցանիշներ ունեցող պետություն է։ Համաշխարհային քաղաքականության և տնտեսության վրա դա ազդեցություն չի ունենա։ «Մեծ յոթնյակի» ձևաչափն ընդամենը հարթակ է, որտեղ համաշխարհային տնտեսական ու քաղաքական հարցեր են քննարկվում»,- նշեց միջազգայնագետը։

Հարցին՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն Ռուսաստանի վերադարձով շահագրգրռված, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Իմ համոզմամբ՝ Դոնալդ Թրամփը, լինելով բիզնես մտածելակերպ ունեցող անձնավորություն, փայլուն պատկերացում ունի, թե ինչ լավ կլինի, եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միասին բիզնես անեն, և երկու պետություններն էլ  տնտեսական զարգացում ունենան։ Ռուսաստանը Միացյալ Նահանգների ներքաղաքական գործընթացներում կարևորագույն գործոն է դարձել, ինչի հետևանքով գործ ունենք նման իրավիճակի հետ։ Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում մոտ ապագայում տեղի չի ունենա, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համապատասխան աշխատանք չպետք է տանեն»։

Սուրեն Սարգսյանը նշեց, որ «Մեծ յոթնյակի» աշխատանքներին մասնակցելը ոչ միայն  Ռուսաստանին է ձեռնտու, այլև Եվրամիության մի շարք երկրների։

«Եվրամիությունում կան պետություններ, որոնք նշում են, թե պետք է անել ամեն ինչ, որպեսզի վերանան Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի որ  դրանք հարվածում են ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵՄ մի շարք պետությունների շահերը։ Այնպես որ, եթե այստեղ Ռուսաստանի համար անընդունելի ձևակերպումներ կամ նախապայմաններ լինեն, բնական է՝ Ռուսաստանը հրաժարվելու է»,- նշեց միջազգայնագետը։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդմանը, թե Ռուսաստանը «Մեծ յոթնյակ» կարող է վերադառնալ միայն Ղրիմը վերադարձնելու դեպքում, Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Ռուսաստանը, ոչ մի դեպքում կասկածի տակ չի դնի իր տարածքային ամբողջականությունը և Ղրիմի հարցում երբեք որևէ զիջման չի գնա»:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են 2020 թվականին Նյու Յորքում նախատեսված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին հրավիրել նաև Ռուսաստանին: Մոսկվան այս ձևաչափից դուրս է մղվել 2014 թվականին, ՌԴ-ին Ղրիմի միավորման պատճառով:

Նելլի Մելքոնյան