«Մենք ստրկատիրական պայաններով ենք աշխատում, «Սասստեքսի գերիներն» ենք»․ բողոքում են Գյումրիի կարի արտադրամասի աշխատողները
Տնտեսություն
01.06.2019 | 13:27Արդեն տեղեկացրել ենք, որ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է նախաձեռնել Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայի աշխատողների իրավունքների երաշխավորման նպատակով։
Խնդիրն այն է, որ մի քանի օր է՝ ինչ Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակցուհիները բողոքում են, որ չեն ստացել իրենց ապրիլ ամսվա հասանելիք 55․000 դրամ աշխատավարձը։
Ոչ ոք աշխատողներին չի տեղեկացրել, որ աշխատավարձն այդ ամիս գործարքային է լինելու։ Տնօրինությունը աշխատողներին կամայական աշխատավարձեր է բաժանել։
«Ինձ օրինակ, վճարել են ընդամենը 17․000 դրամ, որը չեմ վերցրել , խնդրել եմ, որ փոխանցեն իմ քարտին, որը դեռ չեն արել։ Վարձատրելիս հաշվի չեն էլ առել, ով ինչքան և ինչ ձևի է աշխատել։ Ես 3-4 մեքենա եմ աշխատեցրել, գործ եմ արել չհաշված վերանորոգումերը, որը իմ պարտականությունը չէ, որը արել եմ ու չեմ վճարվել։ Ինձ հասանելիք արձակուրդն էլ չի տրվել»,- մեզ հետ զրույցում նշեց աշխատակցուհիներից մեկը։
Տնօրիությունն էլ պատճառաբանում է, որ անորակ, խոտան ապրանք է կարվել, որը պատվիրատուները հետ են ուղարկել։
«Սասստեքս» ընկերությունը արտադրում է բանվորական հագուստ, որը հիմնականում արտահանվում է եվրոպական շուկա։ Բանվորուհիները, սակայն, համաձայն չեն, նրանք պնդում են, որ տվել են որակյալ արտադրանք, նույնիսկ խնդրել են բերել անորակ ապրանքը, որ տեսնեն իրենց սխալները, բայց իրենց մերժել են։
«Մեր տեխնոլոգներին Երևան կանչեցին այնտեղ ժողովներ էին արել, որպեսզի ապացուցեին, թե, իբր, Գյումրիի գործերը բռակ են եղել, բայց մեր վարպետ տեխնոլոգները գնացել տեսել են, որ մեր գործերը բռակ չեն։ Սա իրենց հերթական շոուն է բեմադրված, որպեսզի մեզ գումար չտան։ Եթե բռակներ ունեինք, թող բերեին, մենք մեր աշխատանքը վերանորոգեինք, դրանից էլ դաս քաղեինք, որ հաջորդ անգամ այդ սխալը չանեինք։ Բռակ ապրանքները մենք բացարձակ չենք էլ տեսել։ Երբ աշխատավարձերը ուշացան մենք սկսեցինք իրար խառնվել նախ տեխնոլոգներն այնտեղից տեղեկացված եկան ասին, որ ինքը բարկացած ասել է, որ ես ձեզ փող չունեմ տալու 3 ամիս չպիտի վճարեմ ձեր բռակ ապրանքների համար», -մեզ հետ զրույցում վրդովված ասաց մեկ այլ աշխատակցուհի։
Բանվորուհիները մեզ պատմեցին, որ աշխատանքային շատ խիստ գրաֆիկով են աշխատում, տոնական և ոչ աշխատանքային օրերին էլ են կանչում աշխատանքի։ Այս տարի նույնիսկ ապրիլի 24-ին են աշխատել։ Բացակայությունների համար օրը պահում են 3000 դրամ (հարգելի բացակայություն ասվածը գոյություն չունի), ամեն ուշացած րոպեն ևս հաշվում են։ Այդ չնչին 55․000 դրամ աշխատավարձն էլ ոչ ամեն ամիս են ամբողջությամբ վճարում։
«Իրենք միշտ վճարել են հետպահումներով , պատճառաբանել են բացակայությունը, տուն գնալը, մեկը ես այս 7-8 ամսվա ընթացքում ընդամենը մի անգամ եմ 55․000 ստացել», – ասաց մյուս աշխատակցուհին։
Աշխատանքային պայմանները ևս անտանելի են։
Աշխատողների պնդմամբ՝ չկա օդափոխության համակարգ, որը խոստացել են, բայց այդպես էլ չեն տեղադրել, ներսում տոթ է, աշխատողները շնչում են կտորների փոշին, որի պատճառով շատերի մոտ առաջացել է կոկորդի խեղդոց , ալերգիա։
«2 անգամ ինքս ունեցել եմ սրտխփոցներ, այն կարգի եմ վատացել, որ շտապօգնություն են կանչել։ Նույնիսկ թույլ չէին տալիս շտապօգնությունը բարձրանար վերև, մեր պայմանները տեսներ, բայց 1-ին հարկը տեսնելով ասել էին, որ շենքում թթվածին չկա, պատուհանները անընդհատ բաց թողեք, օդափոխեք, որ մարդիկ չվատանան»,-ասաց մեկ այլ աշխատակցուհի՝հավելելով, որ առավոտյան ֆաբրիկա մտնելուց հետո 8։30-ին անմիջապես դուռն իրենց վրա կողպում են։
«Ինչի համա՞ր, աշխատանքի վայրից պիտի փախնե՞նք գնա՞նք։ Մենք լրիվ ստրկատիրական պայաններով ենք աշխատում։ Մենք նույնիսկ ինքներս մեզ բնութագրել եք Սասստեքսի գերիներ»։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին էլ դիմելու և խնդիրները բարձրաձայնելու համար տնօրինությունը սպառնացել է բանվորուհիներին ազատել աշխատանքից։
«Որոշել էին իրենք, որ 40 հոգու պիտի աշխատանքից կրճատեին, այդ թվում նաև հարցազրույց տվողներին։ Ինձ սպառնում են աշխատանքից ազատել, որովհետև ԶԼՄ-ի հետ շփում եմ ունեցել, հարցազրույց եմ տվել։ Անձամբ իմ տեխնոլոգին ասել էին, որ քո աշխատակցին կասես աշխատանքի չգա»,-ասաց աշխատակիցներից մեկը։
Աշխատակիցների արդարացի բողոքն ու դժգոհությունը կարծես տեղ է հասնում, քանի որ ինչպես մեզ պատմեցին, երեկ կարի արտադրամասում ժողով է եղել, որին մասնակցել են Թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Սրապիոն Առաքելյանը, Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն ու մի շարք աշխատակիցներ։ Խնդրին վերջնական լուծում, սակայն, այդպես էլ չի գտնվել։
«Աշխատավարձերը վերադարձնելու ոչ մի խոսք չկա, ինքը չեկավ, չներկայացավ, արհմիությունից ինչ -որ մեկին լավ տեղը տեղին դաստիարակված ուղարկել էր, եկավ կանգնեց իր շահերը պաշտպանեց գնաց։ Փոխմարզպետը եկավ իմացավ, որ մենք այդ 55․000 մինիմալ աշխատավարձն էլ չենք ստացել։ Եվ ասաց, եթե նույնիսկ գործարքային է այդ շեմը պիտի պաշտպանվի, հետո նոր գումարվի արտադրության փողը՝ զարմանալով , թե ինչ պայաններում ենք աշխատում»,- մեզ հետ զրույցում պատմեց աշխատակցուհին։
Նա նաև նշեց, որ տնօրինությունը, կարծես, հետ է կագնել մարդկանց աշխատանքից ազատելու մտքից. խոստացել են ոչ մեկին չազատել։
«Ներսեսը, խոսքը գործարանի ներկայացուցիչ Ներսես Թաշչյանի մասին է, ասել է, որ 26-27 հոգու անուն էր գրած թղթի վրա, ում որ պիտի ազատեին աշխատանքից, ինքը պատռել է այդ թուղթը»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։
Երկուշաբթի բոլորը վերադառնալու են բնականոն աշխատանքի, քանի որ մարզպետը խոստացել է հետամուտ լինել հարցին և չթողնել, որ աշխատողների իրավունքները ոտնահարվեն։
Նշենք, որ «Սասստեքս» կարի արտադրամասը Գյումրիում բացվել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ներդրումներով։
Կառավարությունը ընկերությանը տրամադրել է Գյումրիի նախկին մարզային հիվանդանոցի շենքը, որն էլ իր հերթին խոստացել էր ստեղծել 300-500 նոր աշխատատեղ։ Այժմ արտադրամասում աշխատում է 150 մարդ։
Ի դեպ՝ կարի արտադրամասի նոր մասնաշենքի հիմնարկեքին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2018թ-ի դեկտեմբերի 7-ին Գյումրի կատարած այցի ընթացքում։
Էմմա Չոբանյան