Մենք, ըստ էության, արդեն հրաժարվել ենք Մադրիդյան սկզբունքներից. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.03.2019 | 16:16Մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Արցախյան հակամարտության կարգավորման թեմայով հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
«Հանդիպման նպատակը 2016 թվականի ապրիլյան պատերազմով ընդհատված բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումն է»,- Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նա Վիեննայի հանդիպումից որևէ առաջընթաց չի սպասում. «Որովհետև սա զուտ հանդիպում է, բանակցային գործընթաց չէ։ Որևէ նոր բան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնտեղ չի ասելու՝ բացի այն, ինչ արդեն ասվել է, այն է՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ուղղակիորեն ներկա գտնվի բանակցային պրոցեսին, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին: Մեր դիրքերն ուժեղ են, և մինչև այսօր Ալիևը չի ներկայացրել որևէ տրամաբանական հակափաստարկ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը խոսել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած 3 սկզբունքները և 6 տարրերը պարզաբանելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ են հասկանում Ադրբեջանը և Հայաստանը տարածքային ամբողջականության կամ ինքնորոշման իրավունքի սկզբունք ասելով: Եթե վաղվա հանդիպմանն ադրբեջանական և հայկական կողմերն այս սկզբունքները մեկնաբանեն հօգուտ իրենց և ի վնաս մյուս կողմի, արդյո՞ք պրոցեսը չի մտնի փակուղի: Factor.am-ի այս հարցին ի պատասխան՝ Հովհաննես Իգիթյանը հիշեցրեց՝ Ադրբեջանը պետություն դարձել է ոչ թե տարածքային ամբողջականության, այլ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի շնորհիվ:
«Բանակցային պրոցեսի հիմնական նպատակն է՝ գտնել այնպիսի բանաձև, որն ընդունելի կլինի բոլորի համար։ Գործընթացը պետք է տա պատասխան հետևյալ հարցին՝ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգությունն արդյո՞ք կերաշխավորվի Ալիևի առաջարկած՝ Ադրբեջանի կազմում արցախցիների ինքնորոշման դեպքում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերաբերմունքը հայի գենի հանդեպ։ Պարզ երևում է, որ Ադրբեջանն անհանդուրժողական վերաբերմունք ունի հայության հանդեպ։ Հայերը որևէ կարգավիճակով չեն կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց պատգամավորը:
Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ իմաստ չունի այնպիսի բանակցություններ վարել, որոնց արդյունքում Արցախը պետք է ունենա ավելի թույլ կարգավիճակ, քան ունի այսօր. «Այսօր Արցախը փաստացի պետություն է՝ ունի բանակ, Սահմանադրություն, պետական ինստիտուտներ»: Ըստ նրա՝ Հայաստանն այսօր սկսում է բանակցային նոր մոտեցում, այսինքն՝ նոր ռազմավարությամբ է հանդես գալիս. «Մենք այլ բանաձև ենք առաջարկել, որը նշված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ, այն է՝ բանակցություններից առաջ որևէ բանաձև, որը կանխորոշում է բանակցությունների ավարտը, պետք է չհնչեցվի»:
Թեև Արցախի հարցում նոր իշխանությունը հանդես է գալիս նոր դիրքերից, այնուամենայնիվ, նախկին իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի կառավարությանը մեղադրում են Հայաստանի դիրքերը թուլացնելու մեջ։ Որպես փաստարկ բերվում է հետևյալը, որ ապրիլյան պատերազմից հետո ձեռք էին բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնցով Ադրբեջանը պարտավորություններ էր ստանձնել, սակայն Դուշանբեում Փաշինյան-Ալիև «վերելակային հանդիպումն» ի չիք դարձրեց այդ պայմանավորվածությունները:
Հովհաննես Իգիթյանը հակադարձում է՝ հիշեցմամբ, որ Հայաստանի դիրքերն ամենաթույլը եղել են 2009-2012 թվականներին, երբ ընդունվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած 6 տարրերը, որոնց շարքում է նաև Արցախին հարակից տարածքների հանձնումն Ադրբեջանին. «Այնպիսի թույլ իշխանություն, այնպիսի ոչ լեգիտիմ նախագահ, որպիսին 2009 թվականից եղել է Սերժ Սարգսյանը, Հայաստանն իր պատմության մեջ չի ունեցել։ Այն ժամանակ միայն ծույլը չէր առաջարկում և անցկացնում իր ուզածը: Հիշենք Ցյուրիխյան խայտառակ արձանագրությունները: Նույնը արվեց նաև Մինսկի խմբի շրջանակում: Այսօր մենք այս վիճակում ենք 2009 թվականի բոլոր խայտառակությունների պատճառով։ Սրա մասին պետք է խոսի ՀՀԿ-ն, որը պետք է ասի՝ այն ժամանակ արված սխալը թույլ իշխանության պատճառով էր: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այսօր գործում են, և ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության բոլոր կետերը վերցված են հենց Վիեննայի համաձայնությունից»:
Ըստ Իգիթյանի՝ Հայաստանն այսօր ուժեղ է, և նրա ուժը կբավականացնի մերժված և ոչ տրամաբանական առաջարկություններն ուղարկել արխիվ և բանակցությունները սկսել ավելի ուժեղ դիրքերից: Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք սա կարող է նշանակել Մադրիդյան սկզբունքներից հրաժարում և նոր փաստաթղթի մշակում, որը դրվի բանակցությունների սեղանին, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Մադրիդյան սկզբունքներից մենք արդեն հրաժարվել ենք։ Վերցնենք թեկուզ այն հանգամանքը, որ Մինսկի խումբը տերմինաբանության մեջ չի օգտագործում Մինսկի, Կազանի կամ Լավրովի սկզբունքները: Վիեննայում նոր առաջարկ չի լինելու»:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին տարածած հայատարարությունում ԵԱՀԿ Մինսկի խումբը վերահաստատել է, որ «արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում»: Համանախագահները նշել են նաև, որ կարգավորումը պետք է ընդգրկի 2009-2012 թվականներին համանախագահող երկրների ղեկավարների կողմից առաջարկված լրացուցիչ տարրերը, որոնք են՝
- Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողության ներքո,
- Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կամ միջանկյալ կարգավիճակը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով,
- Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք,
- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող պարտադիր կամարտահայտման միջոցով,
- Բոլոր տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրեր վերադարձի իրավունքը,
- Անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառում են խաղաղապահ գործողություն:
Հովհաննես Իգիթյանին հարցրեցինք՝ հայկական կողմը հեռանկարում նախատեսո՞ւմ է «արխիվ ուղարկել» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունում նշված այս 3 սկզբունքները և 6 տարրերը:
«Մենք արդեն, ըստ էության, արխիվ ենք ուղարկել, թեկուզ հենց մեր այն հայտարարությամբ, որ բանակցություններից առաջ որևէ բանաձև, որը կարելի է համարել որպես բանակցությունների նախապայման, չպետք է լինի, այն է՝ տարածքներ խաղաղության կամ կարգավիճակի դիմաց: Ըստ էության՝ դա դրված է Ձեր ասած բոլոր նախագծերի հիմքում: Հայաստանը հրաժարվեց այդ սկզբունքից՝ վարչապետի մի քանի հայտարարություններով։ Հրաժարվելն այդպես է լինում, երբ առաջին դեմքն ասում է, որ որևէ նախապայման, որևէ բանաձև, որը կանխորոշում է բանակցությունները, չպետք է լինի: Ընդ որում՝ սա կարող եք գտնել Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ, այսինքն՝ այնտեղ հստակ նշված է, որ բանակցություններից առաջ որևէ բանաձև, որը կանխորոշում է բանակցությունները, չպետք է լինի»:
Factor.am-ի հստակեցնող հարցին՝ ի վերջո 3 սկզբունքները և 6 տարրերը պահպանվելո՞ւ են, Հովհաննես Իգիթյանը նշեց՝ այդ սկզբունքները կան, ուղղակի Ադրբեջանն իր ուզած ձևով է մեկնաբանում, ընդ որում՝ վերցնում է կոնտեքստից միայն 1 սկզբունք և սկսում է այդ սկզբունքը ներկայացնել իր հանրությանը. «Խոսքը տարածքային ամբողջականության սկզբունքի մասին է: Մենք խնդիր չունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, մենք չենք փորձում հարձակվել և մի կտոր հող պոկել: Ադրբեջանն է խախտում այդ սկզբունքը։ Արցախը չի փորձում խախտել Ադրբեջանի տարածքային ամողջականությունը, Արցախն իրականացնում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:
Ըստ պարոն Իգիթյանի՝ 1991 թվականին, երբ Ադրբեջանն ինքնորոշվում էր, աբսուրդ կլիներ ասել, թե նա խախտում է ԽՍՀՄ-ի տարածքային ամբողջականությունը: «Այսինքն՝ ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը խախտելո՞վ ինքը դարձավ պետություն։Եթե ինքը դարձավ պետություն, ինչո՞ւ ԼՂՀ-ն չի կարող դառնալ պետություն»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան