Տավարաբուծության խնդիրը Հայաստանում. արմատական ոչ մի փոփոխություն չբերող հերթական ծրագիրն է ներկայացվել

Լուրեր

22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
Բոլորը

Անցած 15 տարիների ընթացքում Հայաստանում իրականացված գյուղատնտեսական քաղաքականության ծրագրերը և առանձին միջոցառումներ ձախողվել են համակարգային կոռուպցիայի, հովանավորչության, գյուղատնտեսական ծրագրեր և միջոցառումներ կառավարելու անբավարար հմտությունների և այլ պատճառներով: Գյուղատնտեսական քաղաքականության բնագավառում խախտված էին պատճառահետևանքային կապերը:

Չնայած նախկինում ՀՀ կառավարությունը պարբերաբար նշում էր, որ անասնակերի կայուն բազայի բացակայությունը և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների կտրուկ նվազումը հանգեցրել է անասնապահական մթերքների և հումքի արտադրության ծավալների կրճատման, սակայն առանց կերային բազայի խնդրի լուծմանն անդրադառնալու, փորձում էր տավարաբուծությունը զարգացնել տոհմասելեկցիոն միջոցառումներ իրականացնելով, տպավորություն ստեղծելով, որ կարելի է կենդանիների մթերատվությունը բարձրացնել առանց կենդանիներին անհրաժեշտ կեր տրամադրելու: 2004-2017թթ.-ին կառավարությունները հաջորդաբար և շարունակաբար տապալել են գյուղատնտեսության բնագավառում իրենց իսկ մշակած մի շարք ծրագրեր և հայեցակարգեր:

2002թ.-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը: 2011թ.-ի մայիսի 18-ի ՀՀ Նախագահի ՆԿ-91-Ն կարգադրությամբ հաստատվել էր ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը:  Հայեցակարգը չի հրապարակվել (www.arlis.am կայքում հավելվածը առկա չի): 2011թ.-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը (2011թ.-ի հոկտեմբերի 13-ի №1522-Ն որոշում), որով նախատեսվում էր, որ 2014թ.-ին Հայաստանը պետք է 70%-ով ապահովված լինի տեղական արտադրության կենսապես կարևորագույն սննդամթերքով: Գյուղատնտեսական առանձին ապրանքների արտադրության ծրագրային և փաստացի ծավալները ներկայացված են ստորև:

ՀՀ 2007-2015թթ. տավարաբուծության զարգացման ծրագրով (ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 336-Ա որոշում) նախատեսված 12110 գլուխ տոհմային երինջի փոխարեն, ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարով Հայաստան է ներկրվել 2506-ը (նախատեսվածից շուրջ 79%-ով պակաս, ՀՀ կառավարության 2011թ.-ի նոյեմբերի 17-ի №1679-Ն որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 301,150.0 հազար դրամ էր հատկացվել 2011թ.-ին տոհմային երինջների ձեռքբերման համար): 2017թ.-ի հուլիս ամսին իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ժամկետանց պարտավորություններ ունեցող շահառուներին հատկացված 1384 գլուխ տոհմային կենդանիներից առկա է 441 գլուխ կենդանի: 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված տոհմային երինջների դիմաց գումարների հավաքագրման հատուկ հաշվին 1 մլրդ. 165 մլն. ՀՀ դրամի փոխարեն կուտակվել  է 270 մլն. ՀՀ դրամ, կամ նախատեսվածի 23%-ը: 2014թ.-ի ապրիլի 17-ի №412-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը ներել էր 2007-2015թթ.-ի տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով տրամադրված տոհմային երինջների դիմաց մի շարք տնտեսավարող սուբյեկտների պարտքը, առանց հրապարակելու այդ տնտեսավարողների ցանկը: 2007-2015թթ. ծրագիրը «հաջողությամբ» կատարելուց հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2017թ.-ի հոկտեմբերին քննարկման էր ներկայացրել ՀՀ-ում 2017-2022թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը (https://www.e-draft.am/projects/477), 2018թ.-ի ապրիլին՝ 2018-2024թթ. ծրագիրը (https://www.e-draft.am/projects/870), իսկ 2019թ.-ի փետրվարի 15-ին, ՀՀ ԱԺ կողմից կառավարության ծրագրին հավանություն տալու հաջորդ օրը, 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը (https://www.e-draft.am/projects/1512):

Այս շտապողականությունից պարզ է դառնում, թե տավարաբուծության հարցն ինչքան կարևոր է կառավարության համար:

Առանց հաշվի առնելու 2007-2015թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի կատարման արդյունքում արձանագրված վերը թվարկված ձախողումները, նոր ծրագիրը նորից խոսում է տոհմային կենդանիների ներկրման և դրա սուբսիդավորման մասին: Չնայած ծրագիրը նշում է, որ 2017թ.-ին «խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կտրուկ կրճատումը հիմնականում պայմանավորված է եղել անասնակերի (կոպիտ կերեր) գնի աճով», սակայն չի նշում, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում կայուն կերային բազա ստեղծելու ուղղությամբ: Գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուները կարծում են, որ 2019-2024թթ.-ին ՀՀ տավարը կաթ ու միս է տալու առանց որակյալ կերի, քանի որ ծրագրում անասնակերի մասին չի խոսվում: Չե՞ք կարծում, որ եթե կերի կայուն բազա չստեղծվի և կերի գները շարունակեն անկայուն լինել, տավարի մսի գինն էլ է շարունակաբար վայրիվերումների ենթարկվելու:

Ծրագիրը նշում է, որ «անասնագլխաքանակի վերաբերյալ հստակ պատկեր կարելի է ունենալ միայն դրանց համատարած համարակալման և հաշվառման պարագայում», սակայն չի նշում, թե ինչ արդյունքներ են գրանցվել այդ ուղղությամբ: Ի գիտություն, ՀՀ կառավարության 2004թ.-ի հունվարի 29-ի №59-Ն որոշմամբ կառավարությունը հաստատել էր ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը, իսկ 2014թ.-ի մարտի 13-ի (նիստի արձանագրության քաղվածք №10) հավանություն է տվել խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրին ու ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին: 2015թ.-ի նոյեմբերի 12-ի (№1315-Ն որոշում) կառավարությունը սահմանել է կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները: Ծրագրում խոսք չկա այն մասին, թե ի՞նչ եղավ տավարի համարակալումը:

2019-2024թթ.-ին տավարաբուծության զարգացման ծրագրի նպատակ է ճանաչվել «սուբսիդավորման եղանակով մասնակի փոխհատուցել հանրապետություն ներկրվող խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների գնման արժեքը»: ՀՀ կառավարության 2019թ.-ի փետրվարի 8-ի №65-Ա որոշումով հաստատված ծրագրում նշվում է, որ «Կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, քաղաքացիների և հասարակության այլ անդամների համար պետք է հասանելի և հասկանալի լինեն հանրային միջոցների (բարիքի) վերաբաշխման, այդ թվում՝ իրականացվող ծախսերի և ծրագրերի նպատակները, արդյունքները և դրանց գնահատման չափանիշները»: Ինչ չափանիշներով է գնահատվելու այս ծրագրի արդյունքն ու արդյունավետությունը: Այսինքն գյուղատնտեսության և տավարաբուծության բնագավառի իր քաղաքականությունն իրականացնելիս կառավարությունը չի՞ սահմանում ՀՀ-ում տավարի մսի սպառումն էականորեն ավելացնելու և սպառման 70, 80 կամ 90 տոկոսը ներքին արտադրության հաշվին բավարարելու նպատակ:

Ծրագրում նշվում է, որ հնարավորություն կընձեռվի պետական աջակցություն ցուցաբերել տարեկան շուրջ 20 տնտեսավարողի և «30 տոկոսով կսուբսիդավորվի հանրապետություն ներկրվող տարեկան ավելի քան 500 գլուխ առաջնածին տոհմային կովերի, կամ 550 գլուխ տոհմային երինջների, կամ 700 գլուխ 14-16 ամսական տոհմային էգ մատղաշի, կամ շուրջ 450 գլուխ մսային ուղղության 18-20 ամսական տոհմային արու մատղաշի գնման արժեքը»: Քանի՞ տնտեսվարողից 20-ին: Ներմուծած տավարը ի՞նչ եղանակ է ստեղծելու Հայաստանի 590 հազար գլուխ տավարի մեջ (իհարկե, եթե վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալը հավատ է ներշնչում): 2007-2015թթ.-ի տավարաբուծության զարգացման ծրագրով նախատեսում էիք 12110 գլուխ անասուն ներմուծել, փաստացի ներմուծեցիք 2506: Ո՞նց որոշեցիք, որ հիմա կարող եք ավելի շատ ներմուծել: Արդյո՞ք փոքր տնտեսավարողները տավար ներմուծելու հնարավորություն ունեն և օգտվելու են սուբսիդիաներից: Թե՞ գումարը գնալու է խոշորներին:

Ծրագրում նշվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների պատկերացրած ռիսկերը, սակայն չի տրվում դրանց գնահատական և չի ասվում, թե ինչ են ՀՀ կառավարությունն ու գյուղատնտեսության նախարարությունն անելու այդ ռիսկերը կառավարելի մակարդակում պահելու, կամ դրանց հետևանքները մեղմելու համար:

Մի խոսքով՝ տավարաբուծության  մասին հերթական ոչինչ չասող, ՀՀ գյուղատնտեսությունում և ՀՀ պարենային անվտանգության հետ կապված հարցերում արմատական ոչ մի փոփոխություն չբերող ծրագիր: Ուղղակի նախկին ծրագրի մի թեթև խմբագրված տարբերակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը ծրագրում է գյուղատնտեսության նախարարությունը միացնել մեկ այլ նախարարության, ծրագիր հաստատելու գյուղատնտեսության նախարարության ձգտումը հասկանալի չէ: Չէ որ եթե կառավարությունը կյանքի կոչի նախարարությունների միաձուլման իր ծրագիրը, տավարի հետ կապված հարցերի համար պատասխանատու է լինելու էկոնոմիկայի նախարարությունը:

Արտակ Քյուրումյան