Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

26.11.2024 | 09:31
Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
Բոլորը

ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջիկա քայլերին և տվել հանձնարարականներ:

«Համոզված եմ, հետևել եք Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներին և տեղյակ եք, որ երեկ ԱԺ-ն հավանություն տվեց Կառավարության գործունեության հնգամյա ծրագրին և քննարկման արդյունքներով կարող եմ արձանագրել, որ Հայաստանի հանրության քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը, մեր կոնցեպտը: Իհարկե կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից, և ես հիմա ուզում եմ բարձրաձայնել մի քանի ուղղություններ, հանձնարարականներ, որոնց ուղղությամբ մենք միասին և առանձին նախարարություններ, պաշտոնյաներ պետք է աշխատեն: Ես հիմա կհրապարակեմ ցանկը, ապա որոշ մեկնաբանություններ կանեմ այդ գործընթացի կապակցությամբ: Շարադրանքը պայմանական է, այսինքն ըստ առաջնահերթության չի հիշատակվում, բոլորն էլ առաջնահերթ են:

1.Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

2.Կարգավորումների ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով:
3.Արագացնել Ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը:

4.Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից:

5.Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեներով, ընկերություններով:

6.Արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, ովքեր ամսական 100.000 դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից:

7.Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել:

8.Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել:

9.Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

10.Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը: Այս նպատակով բանակցել և համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի հանրային հեռուստատեսության և մյուս հեռուստաընկերությունների հետ:

11.Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում:

12.Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջ ուղղությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքների ծավալները մեծացնելու համար:

13.Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ:

14.Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը:

15. Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:

Սկսելով առաջին կետից, ուզում եմ ասել հետևյալը. այս ընթացքում իհարկե մեր ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր: Այդ ներդրումային ծրագրերից մի մասը իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա դեռ պետք է աշխատել, ընդ որում պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում, մի մասը նախընտրում է նախարարության հետ աշխատել՝ Տնտեսական զարգացման և ներդրումների, մյուս մասը փոխվարչապետերի կամ վարչապետերի, անգամ նախարարների, պաշտոնյաների, մարզպետների հետ, բայց մյուս կողմից շատ կարևոր է, դա նորմալ է, ով ում հետ ուզում է աշխատի, որևէ խնդիր չկա, բայց իմ խնդրանքն է, որ ամբողջ տեղեկատվությունը ընթացող ներդրումային բանակցությունների վերաբերյալ կենտրոնանան Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, առանց այդ ընթացիկ նախագծի կարգավիճակը փոխելու, այսինքն խոսքը չի վերաբերում, որ բոլոր գործերը պետք է հանձնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, պարզապես ինֆորմացիան արձանագրվի, որ կա այսպիսի քննարկում, որպեսզի հետագայում մենք հնարավորություն ունենանք հետևել:

Այս ընթացքում մենք ինչ պրոբլեմի հետ ենք բախվել. գալիս են ամենատարբեր մարդիկ, և երբեմն այս ազդակը մենք տարբեր տեղերից ենք ստանում, ես ինքնս էլ այդպիսի իրավիճակների հետ բախվել եմ, երբ որ մարդկանց հետ որոշ ժամանակ ես անցկացնում՝ հասկանալով, որ դա ժամանակի անիմաստ կորուստ էր, որովհետև գալիս և ասում են, որ ուզում են ենթադրենք 50-100 մլն ներդրումներ անել, մենք մեծ գաղափար ունենք: Բնականաբար, այդ վիճակում ցավալի կլինի, եթե մեզանից մեկի գործողության և անգործության պատճառով օրինագիծը չիրականանա: Բայց երբ որ մենք ոչ լուրջ խոսակցության ժամանակ ենք ծախսում, արդյունքում տուժում է այն պոտենցիալ լուրջ խոսակցությունը, որը մենք պետք է ունենայինք, բայց ժամանակը անարդյունավետ ծախսելու պատճառով մենք չկարողացանք ճիշտ օգտագործել ժամանակը: Այս առումով մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ որոշակի ֆիլտր ենք մտածել, թե ինչպես վարվել: Առաջարկվում է այդպիսի խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, ովքեր իրենց բանկերից կներկայացնեն տեղեկանք, որը հայտնի է «letter of intent»: Բովանդակությունը հետևյալն է, այսինքն մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է նրա ներդրումային պոտենցիալը հասկանալու համար: Ասենք եթե մարդ, որը ենթադրենք կյանքում իր բանկային հաշվում 5.000 դոլար չի ունեցել ու եկել ասում է 5 կամ 50 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտeղ ինչ-որ բան այնպես չի: Eթե բանկը հավաստիացնում է, որ մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն շատ կոնկրետ և պաշտոնական ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը: Հետևաբար, մենք ժամանակ չենք ծախսում որևէ այպիսի խոսակցության վրա, որն այսպիսի հավաստիացումով ամրագրված չէ: Հակառակ դեպքում մենք անլուրջ խոսակցությունների վրա կծախսենք ժամանակ և ժամանակ չի մնա այն պոտենցիալ ներդրողների համար, ում հետ խոսակցությունը արժի և իմաստ ունի:

Կարգավորումների պարզեցման վերաբերյալ, պարոն Խաչատրյան, մենք դեռ երկու ամիս առաջ ենք սրա մասին խոսել և պայմանավորվել, որ մենք պետք է շատ հստակ գույքագրենք այդ կարգավորումներն ու խոչընդոտները և քայլ-քայլ դրանք լուծելու ճանապարհով գնանք, որոնք վերաբերում են կառավարության որոշումներին՝ կառավարության որոշումներում, որտեղ օրենսդրական փոփոխություններ պետք է անենք՝ արագ պետք է զբաղվենք այդ օրենսդրական փոփոխություններով:

Պարոն Ավինյան, Ներդրումային հայկական հիմնադրամի մասին բավական երկար ենք մենք քննարկում, կարծում եմ, բոլոր հնարավոր նյուանսները, ռիսկերը, առավելություններն ու թերությունները հաշվարկել ենք, եկել է ժամանակը արդեն շատ արագ այդ ամենը կյանքի կոչելու:

Սեզոնային աշխատանքի հետ կապված՝ հիմա գյուղատնտեսակն սեզոնն է բացվում և նաև մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքը և ժամանակավոր աշխատատեղեր են բացվում և նախորդ շրջանում մեր ունեցած շփումները հստակ բացահայտել են մի պրոբլեմ, որ ընտանեկան և սոցիալական նպաստներից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում այս սեզոնային եռամսյա կամ քառամսյա, վեցամսյա աշխատանքում ներգրավելու հեռանկարից, ինչը տնտեսության մեջ պրոբլեմներ է ստեղծում: Տիկին Բաթոյան, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և այլ շահագրգիռ մարմինների հետ պետք է այս հարցը լուծել: Պետք է արագ, շատ արագ, այս մասին վաղուցվանից ենք խոսում, մեխանիզմը ստեղծենք, որ մարդը աշխատելու պատճառով առնվազն մի որոշակի ժամանակաշրջան պետք է սառեցնենք այդ պրոցեսը, բացի այն դեպքերից, երբ կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներ, երբ կպարզվի, որ մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ է փակում, պարզ է, որ այստեղ ուրիշ խնդիր է: Ռեալ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով պետք է չզրկվի այդ համակարգից: Մենք ինչպես ենք անում՝ հասցեականությունն ենք փոխում, նպաստառու դարձնելով ոչ թե ծնողին, այլ երեխային և այլն, ինչի մասին խոսել ենք: Մինչև գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը այս հարցը մենք պետք է լուծած լինենք:

Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ մենք պետք է, ի վերջո, ունենանք ամփոփ պատկերացում: Ընդ որում, խոսքը ոչ թե այն աշխատատեղերի մասին է, որոնք սովորական սխեմաներով արձանագրվում են, այլ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները համատեղ պետք է անցնեն բոլոր ընկերություններով, հնարավոր բոլոր տեղերով և հաշվառեն: Ընդ որում, մեզ ոչ թե թիվ է պետք, այլ թիվ, հասցե, աշխատավարձ, որպեսզի կառավարությունն այս ինֆորմացիային տիրապետի, և այս ինֆորմացիան պետք է հանրությանը հասանելի լինի՝ որտեղ ինչ աշխատատեղ կա ինչ աշխատավարձով: Այս ընթացքում մենք պետք է շատ լրջորեն մտածենք մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքի պաշտպանության մեխանիզմները բարելավելու մասին, որպեսզի չհավասարակշռված մոտեցումների չգանք:

Տիկին Բաթոյան, սրա մասին արդեն խոսել ենք, այն է՝ անարդար կերպով ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության մասով Կենտրոնական բանկի հետ համագործակցություն է հաստատվել շատ ակտիվ, այս առումով աշխատում են, աշխատեք միասին և շատ արագ այս հարցերը լուծեք:

Պարոն Երիցյան, մենք պարոն Ջավադյանի հետ քննարկել ենք այս հարցը. Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման մեր ռազմավարության և քաղաքականության վերաբերյալ: Այստեղ Ազգային ժողովն ու արդարադատության նախարարությունն էլ անելիք ունեն: Ես Ազգային ժողովում իմ ելույթում ասացի, որ Կենտրոնական բանկի մոտավոր հաշվարկներով այսօր 300 մլրդ դրամ գտնվում է բանավիճային փուլում, և այդ գումարը ոչ մեկինը չէ, որովհետև դատական համակարգը ժամանակին այդ լուծումը չի տալիս, ասենք կամ այս կողմն է, կամ այն կողմը: Ընդ որում, այդ գումարի առնվազն կեսի վերաբերյալ բանավեճ չկա. այսինքն՝ նա, ով պետք է վճարի, ընդունում է, որ ինքը պետք է վճարի, նա, ով պետք է ընդունի, ընդունում է, բայց կա որոշակի իրավական պրոցեդուրա, որը պետք է անցնի: Մենք բանկիրների հետ նախորդ տարվա վերջին ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ նրանք օրենսդրական լուծումներ կառաջարկեն, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Ինչո՞ւ է սա կարևոր քննարկվող հարցի համատեքստում, որովհետև 300 մլրդ դրամի հայտնվելը ֆինանսական շուկայում հնարավորություններ կստեղծի տոկոսների նվազեցման համար: Ես գիտեմ, որ Կենտրոնական բանկը բավական աշխատանք արդեն արել է, խնդրում եմ միանալ այս աշխատանքին, հնարավորինս արագ այդ օրենսդրական մեխանիզմները մշակել և ուղարկել Ազգային ժողով:

Վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծման մասին: Պարոն Ավինյան, դրա մասին էլ խոսել ենք, և ես գիտեմ, որ Դուք շատ լուրջ տրամադրված եք՝ շատ արագ այդտեղ արդյունքների հասնելու համար: Ազգային ժողովում էլ այս թեմայով խոսակցություն եղավ: Իհարկե, մենք չպետք է կենտրոնանանք մի թեմայի կամ մի մասնագիտության վրա, բայց, համենայն դեպս, նման խոսակցությունների առաջին ռեակցիան այն է, որ դա պետք է լինի ՏՏ ոլորտը, որը պետք է ներգրավի այդ նոր վերապատրաստվող աշխատուժը: Պարոն Արշակյան, ակնկալում եմ, որ Դուք և մյուս նախարարությունները նույնպես այս պրոցեսին կներգրավեք, քանի որ ՏՏ ոլորտը մեր ռազմավարության և տեսլականի համատեքստում իսկապես բավական կարևոր է: Նույն ծրագրի շրջանակում մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և բիզնես հմտություններ ուսուցանելու վերաբերյալ ուսումնական ծրագրերը պետք է շատ ակտիվացնել, ընդ որում՝ մտածել, թե այս գործընթացն ինչպես կարող ենք մենք նաև դպրոցներ տեղափոխել, ինչպես կարելի է ակտիվացնել կամ վերաձևակերպել դպրոցական ծրագրերը, որպեսզի այս խնդիրը լուծվի: Ընդհանրապես ուսումնական ծրագրերի հետ կապված շատ բանավեճեր կան, մենք պետք է հստակ իմանանք՝ եթե ամեն երեխայի 45 րոպեում դասի ընթացքում ինչ-որ ինֆորմացիա ենք տալիս, ինչի՞ համար ենք դա անում: Շատ հստակ պետք է պատասխան ունենալ: Մենք պետք է իմանանք՝ ինքնանպատակ դասեր և դասաժամեր, որոնց դեպքում չենք ձևակերպում՝ ինչի համար ենք երեխայի ուղեղը լցնում այդ տեղեկատվությամբ, ինչի՞ համար ենք անում: Սա շատ կարևոր հարց է, և, իհարկե, կրթական պրոցեսը պետք է ամբողջությամբ համապատասխանի մեր տնտեսական և ոչ միայն տնտեսական, այլև մեր քաղաքական և տնտեսական ռազմավարությանը: Այս իմաստով էլ պետք է ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների զարգացման գործում: Սա ամենակարևոր պրոցեսներից մեկն է, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի է ունենում:

Կաթիլային ոռոգման հակակարկտային ցանցերի ներդրման և գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման աջակցության վերաբերյալ մենք խոսել ենք և պետք է շատ հստակ ասենք, որ այն քաղաքականությունը, որ վարվում էր, և որի ոչ էֆեկտիվությունը հայտնի է դարձել. ենթադրենք անսահմանափակ քանակությամբ դիզվառելիք ուղարկել անորոշ հասցեով, որը գիտենք, թե որտեղ է հայտնվում ի վերջո՝ գյուղացիներին աջակցելու անվան տակ: Այստեղ մենք նույն ձևով փակ աչքերով որևէ բան պետք է չանենք. ինչ անում ենք, պետք է իմանանք՝ ինչ նպատակ ենք հետապնդում:

Ջրամբարաշինության և ճանապարհաշինության հետ կապված հարցերը նույնպես արդեն պարզ են այստեղ:

Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրումն իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը: Պարոն Ղարիբյան, այս թեմայով մենք անցած տարվանից դեռ աշխատում ենք մասնավոր հատվածի հետ և անցյալ տարի հավաստիացում էինք ստացել մասնավոր հատվածից, որ մենք, մասնավորապես, մանր եղջերավոր անասունի և գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ ունենք, և այսօր մեր գյուղատնտեսությունն ի վիճակի չէ սպասարկել այդ պոտենցիալը, և մեր գործարարները ստիպված են երրորդ երկրներից ներկրել մանր եղջերավոր անասուն և արտահանել:

Նիկոլ Փաշինյան- Բանավոր խոսակցության ընթացքում ես Ձեզ հանձնարարել էի հավաստիանալ դրա ճշմարտության և իրականության մեջ, ինչ հասցրեցիք այս ընթացքում անել կարելի է:

Արամ Ղարիբյան- Շնորհակալություն, իրականում նման պահանջարկ կա, դա հաստատվել է նաև տնտեսվարողների կողմից և այդ պահանջարկն ամիսը կազմում է 50 հազարից ավելի գլուխ մանր եղջերավոր կենդանի: Տնտեսավորողները պատրաստ են արտահանել, եթե Հայաստանում նման քանակությամբ մանր եղջերավոր կենդանի լինի և մթերվի: Ընդ որում, գները 2800-ից 2900 դրամ մեկ կիլոգրամի համար կոնկրետ գյուղացուն կվճարվի:

Նիկոլ Փաշինյան- Ուզում եմ հստակեցնել, խոսքը գառան մասին է, ոչ թե ոչխարի: Ինչ ժամկետի մասին է խոսքը, տարին, ամիսը:

Արամ Ղարիբյան- Յուրաքանչյուր ամիս 50 հազարից ավելի գլուխ գառ պատրաստ են արտահանել Հայաստանի Հանրապետությունից, եթե կլինի նման քանակի մատակարարում:

Նիկոլ Փաշինյան- Շատ լավ, մոտավորապես պատկերացնում ենք դա ինչ ծավալ է, համենայն դեպս դրա որ մասն է այսօր հայաստանում բուծվում, արտադրվում:

Արամ Ղարիբյան- Ընդհանուր գլխաքանակը 650-ից 700 հազար գլուխ է եթե չեմ սխալվում, դա նշանակում է մոտ 400-500 հազար գառի պոտենցիալ արտադրություն կարող է լինել, բայց նաև հայտնի է, որ վերջին տարիներին գյուղացիները որաշակի մասը պահում են և ընդլայնում իրենց արտադրությունը: Հետևաբար, կարծում ենք, որ առաջիկա տարիներին իրատեսական կլինի նման քանակի տեղական արտադրություն ապահովել և արտահանել: Բայց հիմա դիֆիցիտ, որն ինչպես նշեցիք աշխատանքներ են տարվում երրորդ երկրներից ներկրելու և վերարտահանելու Իրանի Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյան- պարոն Երիցյան, կարծում եմ սա նույնպես կարևոր թեմա է և խնդրում եմ կառավարության հետ քննարկեք այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունները, որպեսզի մենք քաջալերենք մեր գյուղացիներին զարգացնելու ոչխարաբուծությունը, մասնավորապես:

Եվ հաջորդը, վերջինը, պատրաստվել պտուղ բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխազնիմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել: Այստեղ, պարոն Ավինյան, Տնտեսական զարգացման և ներդրումների և ապագա էկոնոմիկայի նախարարության հետ պետք է այս թեման քննարկել: Եվ պարոն Աղաջանյան, ամեն ուրբաթ օրը այս կետերով աշխատանքի վերաբերյալ հավաքեք տեղեկատվությունը բոլոր կետերի և ամենշաբաթյա ռեժիմով ամեն ուրբաթ օր ես Ձեզնից սպասում եմ տեղեկատվություն, թե յուրաքանչյուր ուղղությամբ ինչ է արվում, ինչ չի արվում, ինչ խոչընդոտներ կան և ինչ անելիքներ կան: Իհարկե, այս ցանկն առաջիկայում մենք կընդլայնենք ըստ անհրաժեշտության, բայց այսօր կարծում եմ շատ ճիշտ է, որ միանգամից մենք անցնենք գործի և միջոցառումների ցանկի հաստատմանը:

Տիգրան Ավինյան- արդեն իսկ քննարկել ենք Ձեզ հետ թափուր աշխատատեղերի և կենտրոնների զարգացման հարցը, արդեն իսկ ծրագիրը մշակման փուլում է և մյուս շաբաթ մենք ունենալու ենք քննարկում նախնական կոնցեպտի վերաբերյալ, որը կոչվելու է «Աշխատիր Հայաստան»: Այստեղ կցանկանայի նաև նշել, որ հարցը կոմպլեքս լուծում է ստանալու, մի քանի կետերով, որոնք Դուք նշեցիք, դրանք վերաբերվում էին թափուր աշխատատեղերի ընդհանուր տեղեկատվական կենտրոնին, կարողությունների զարգացման կենտրոններին: Դրանք իրականացվելու են միասնական մի ծրագրի շրջանակում և ես կարծում եմ, որ այստեղ ունենք լայն հնարավորություններ աշխատելու, որովհետև գործազրկության բարձր մակարդակի հետ համատեղ մենք ունենք բավական մեծ քանակի թափուր աշխատատեղեր և այս համընկնումն է, որ դեռևս չկա և պետք է մոտեցնել, որպեսզի գործազրկության մակարդակը կրճատվի, ինչպես նաև այդ թափուր աշխատատեղերի, դրանք արագ համալրվեն համապատասխան կադրերով: Սա է լինելու մեր նպատակը: