ՏԻՄ ընտրությունների օրը ԿԸՀ-ն արագ արձագանքել է 16 իրավիճակի, ստացվել է 8 դիմում
Քաղաքականություն
30.11.2026 | 01:31
Նոյեմբերի 29-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորված իրավիճակային վերլուծության կենտրոնն արագ արձագանքել է 16 իրավիճակի։
Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Արձագանքման համար հիմք են հանդիսացել սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումները, ինչպես նաև հեռախոսազանգերի միջոցով ստացված տեղեկությունները։
Ուսումնասիրված դեպքերը հիմնականում վերաբերել են ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին և քվեարկության կարգին առնչվող տարբեր հանգամանքների։ Որոշ դեպքերում ընտրողներին պարզաբանվել է քվեարկության կարգը։
ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ բոլոր դեպքերում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ընտրողների ընտրական իրավունքի իրացումն ապահովելու նպատակով։
Քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 8 դիմում, իսկ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում որևէ դիմում չի ստացվել։

