Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Քաղաքականություն
29.11.2026 | 20:44
«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված հերթական միջադեպերը, որոնք վերաբերում են ընտրողների ուղղորդմանը, ընտրողին օգնելու կարգի խախտմանը, քվեարկության գաղտնիության ապահովմանը, ընտրական ընթացակարգերին և դիտորդների իրավունքների սահմանափակմանը։
Ընտրողների ուղղորդում և այլ անձի փոխարեն քվեարկություն
Աշտարակի թիվ 17/7 ընտրատեղամասում ժամը 14։00-ի սահմաններում դիտորդն արձանագրել է առնվազն երկու դեպք, երբ քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամը, ընտրողներին բացատրելով քվեարկության կարգը, առանձնացրել է քաղաքական ուժերից մեկի՝ թիվ 10 քվեաթերթիկը՝ ցույց տալով, թե ինչպես այն տեղադրել քվեածրարում, իսկ մյուս քվեաթերթիկները նետել աղբամանը։Ըստ առաքելության՝ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցել գրանցամատյանում։Սպիտակի թիվ 22/21 ընտրատեղամասում տարեց ընտրողին ուղեկցող տղամարդը, որը ներկայացել է որպես նրա որդի, փորձել է ընտրողի հետ մուտք գործել քվեախցիկ։ Վստահված անձանց միջամտությունից հետո հանձնաժողովն արգելել է նրան մուտք գործել քվեախցիկ՝ առանց որպես օգնող անձ գրանցվելու։Դիտորդի փոխանցմամբ՝ տղամարդը տարեց ընտրողի ականջին ասել է, թե ում պետք է ընտրի։ Ավելի ուշ, երբ ընտրողը հայտնել է, որ չի կարող ինքնուրույն քվեարկել, հանձնաժողովը տղամարդուն գրանցել է որպես օգնող անձ և թույլատրել մուտք գործել քվեախցիկ։Կողբի թիվ 37/6 ընտրատեղամասում էլ արձանագրվել է դեպք, երբ կինը, գրանցվելով որպես ամուսնուն օգնող անձ, նրա փոխարեն մուտք է գործել քվեախցիկ և կատարել քվեարկությունը՝ ամուսնուն թողնելով քվեախցիկից դուրս։
Քվեարկության գաղտնիության խախտման ռիսկեր և այլ միջադեպեր
Հարթագյուղի թիվ 22/4 ընտրատեղամասում դիտորդն արձանագրել է քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիր։ Քվեախցիկների անմիջապես հետևում գտնվել է միայն սավանով ծածկված բաց մուտք, որը պարբերաբար օգտագործվել է պետքարանից օգտվելու նպատակով՝ մարդկանց անցուդարձ ապահովելով քվեախցիկների հետևում։Ջրաշենի թիվ 22/15 ընտրատեղամասում ժամը 18։00–18։30-ն ընկած ժամանակահատվածում երեքից չորս ընտրող փորձել են ընտրատեղամասից դուրս բերել չօգտագործված քվեաթերթիկները։ Բոլոր դեպքերում հանձնաժողովի նախագահը կանխել է քվեաթերթիկների դուրսբերումը։Ջրաշենի մեկ այլ՝ թիվ 22/14 ընտրատեղամասում արձանագրվել է կողմնակի անձի ներկայություն, որը որևէ վկայական չի կրել։ Վերջինս հանձնաժողովի նախագահի հորդորով հեռացել է ընտրատեղամասից։
Առնվազն 10 ընտրատեղամասում սահմանափակվել են դիտորդների իրավունքները
«Ականատեսի» փոխանցմամբ՝ օրվա ընթացքում առնվազն 10 ընտրատեղամասում սահմանափակվել է ընտրողներին օգնող անձանց տվյալները պարունակող գրանցամատյանի էջն ամբողջությամբ լուսանկարահանելու դիտորդների իրավունքը։Նման դեպքեր են արձանագրվել հետևյալ ընտրատեղամասերում՝
-
Կոշ՝ 17/27,
-
Ավան՝ 17/15,
-
Սևան՝ 20/11,
-
Սարահարթ՝ 22/11,
-
Լեռնավան՝ 22/13,
-
Մեծ Սեպասար՝ 30/6,
-
Կապան՝ 35/7, 35/8 և 35/19,
-
Կողբ՝ 37/6։
Հանձնաժողովների նախագահները կամ քարտուղարները, անձնական տվյալների պաշտպանության պատճառաբանությամբ, դիտորդներին չեն թույլատրել ամբողջությամբ լուսանկարահանել գրանցամատյանի համապատասխան էջը՝ ծածկելով ընտրողներին օգնող անձանց անձը հաստատող փաստաթղթերի համարները։Կապանի երկու ընտրատեղամասերում՝ 35/7 և 35/8, հանձնաժողովները ծածկել են նաև մինչև դիտորդի ժամանումը գրանցված օգնող անձանց տվյալներն ամբողջությամբ։Լեռնավանի թիվ 22/13 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը միայն դիտորդի գնահատականը գրանցամատյանում արձանագրելուց և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ կապ հաստատելուց հետո է թույլատրել ամբողջությամբ լուսանկարահանել էջը։Առաքելությունը հիշեցնում է, որ նախկինում նմանատիպ սահմանափակումների առնչությամբ նախաձեռնել է դատական գործընթացներ, որոնց շրջանակում դատարանն իրավաչափ չի համարել դիտորդների լուսանկարահանման իրավունքի սահմանափակումը։«Ականատեսը» կոչ է անում ընտրական հանձնաժողովներին ապահովել ընտրական ընթացակարգերի պատշաճ պահպանումը, կանխել ընտրողների ուղղորդման և քվեարկության գաղտնիությունը վտանգող դրսևորումները, ինչպես նաև ապահովել դիտորդների՝ օրենքով սահմանված իրավունքների անխոչընդոտ իրացումը։Առաքելությունը շարունակում է արձանագրված դեպքերի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցներ կձեռնարկի։

