Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ՝ շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին և կարևորելով նրանց աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանության գործում։
«Շնորհավորում եմ բոլոր կին իրավապաշտպաններին և շնորհակալություն հայտնում նրանց՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում հետևողական աշխատանքի, համարձակության և նվիրումի համար։
Ձեր աշխատանքը ոգեշնչում է շատերին և կարևոր ներդրում է ավելի արդար, համերաշխ ու ներառական հասարակության կառուցման գործում։
Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան կարողանա իր գործունեությունն իրականացնել անվտանգ միջավայրում և պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից. խնդիր, որն ամենատարածվածներից է և տարատեսակ նոր դրսևորումներով հատկապես ակնառու է մեր միջավայրում։
Բոլոր դերակատարներն են կրում պարտավորություն՝ այս բացասական երևույթը հաղթահարելու համար կառուցակարգեր մշակելու և իրագործելու գործում»,- ասված է Մանասյանի ուղերձում։

