Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.11.2026 | 18:02«Սա խնդրանք չի, սա պահանջ է։ Արցախցին, ստանալով Հայաստանի Հանրապետության անձնագիր, մեջը չպիտի գրած լինի «Ադրբեջան»»,- Կառավարության շենքի մոտ արցախցիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու դեմ բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի նախագահ Անաստաս Իսրայելյանը։
«Ադրբեջանում մենք չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում։ Արցախը եղել է միշտ հայկական, հազարամյա պատմություն ունի։ Մարդասպանի, ցեղասպանի անունը չպիտի գրվի ՀՀ անձնագրի մեջ»,- ասաց Իսրայելյանը։
Նրա խոսքով՝ նման քայլով հայկական կողմը վարում է նույն քաղաքականությունը, ինչ Ադրբեջանը, որը, Իսրայելյանի խոսքով՝ իր քաղաքացիների անձնագրերում տարածքային պահանջների տրամաբանությամբ «Երևան» է նշում։
Նա կատարվողը որակեց որպես «թուրքացման ծրագիր» և նշեց, որ Արցախի կործանումը եղել է պետական մակարդակով դավաճանություն ու հանցագործություն։
Անդրադառնալով նաև հրապարակված նոր Սահմանադրության նախագծին և դրանից Անկախության հռչակագրի հղումը հանելուն՝ «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի նախագահը նշեց, որ ոչ ոք իրավունք չունի նման որոշում կայացնելու, քանի որ այդ հռչակագրի հիման վրա է Հայաստանը անկախացել և ներկա ղեկավարությունը եկել է իշխանության։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

