Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
26.11.2026 | 17:10Հայաստանը պատրաստվում է դիմել Եվրասիական տնտեսական միության դատարան՝ ռուսական կողմից կիրառվող սահմանափակումների հարցով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ ռուսական սահմանափակումներին վերաբերող նիստը դեռ չի կայացել և տեղափոխվել է դեկտեմբերի 1, սակայն իր հանձնարարությամբ հայկական կողմը այլ ռազմավարություն է որդեգրել։
«Եվրասիական դատարանում կա երկու մեխանիզմ՝ դիմում ես դատարան որպես բողոք և որպես կարծիք, որը կսպասարկի այդ պրոցեսին։ Փաստաթղթերը պատրաստում ենք՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, ինչը կտանենք նիստին և կուժեղացնի մեր դիրքորոշումը»,- նշեց Պապոյանը։
Նախարարը պարզաբանեց, թե ինչու հարցն առայժմ չի դրվում քվեարկության․ որոշման ընդունման համար անհրաժեշտ է 10 ձայնից 7-ը, մինչդեռ այս պահին Հայաստանն ունի 10-ից 6 ձայն։ Նրա խոսքով՝ 6 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ որոշումը չի անցնի, ուստի դատարանի կարծիքը պետք է ծառայի որպես լրացուցիչ գործիք։
Պապոյանը հրաժարվեց նշել, թե որ երկրները չեն միանում Հայաստանի դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ նման հրապարակայնությունը կարող է վնասել գործընթացին, իսկ այս պահին հարցը քվեարկության չդնելը բխում է Հայաստանի շահերից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

