Գերմանիան կդառնա առաջին երկիրը, որը հասանելիություն կստանա ուկրաինական DELTA մարտական համակարգին
Քաղաքականություն
24.11.2026 | 16:18
Ուկրաինայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Եվգենի Խմարան և Բորիս Պիստորիուսը ստորագրել են մտադրությունների մասին նամակ՝ DELTA մարտական թվային էկոհամակարգի զարգացման, ներդրման և կիրառման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, գրում է Европейская правда-ն։
Նշվում է, որ Գերմանիան կդառնա առաջին երկիրը, որին Ուկրաինան հասանելիություն կտրամադրի DELTA համակարգին։ Ակնկալվում է, որ համապատասխան պայմանավորվածությունը նոր փուլ կբացի DELTA Lab նախաձեռնության շրջանակում ուկրաինական պաշտպանական տեխնոլոգիաների մասշտաբավորման համար։
Հաղորդվում է, որ գերմանացի գործընկերները կկարողանան DELTA-ն օգտագործել սեփական զինված ուժերի կարիքներին համապատասխան, հարմարեցնել դրա հնարավորությունները, մասնակցել նոր գործառույթների մշակմանը և համատեղ զարգացնել համակարգը։ Համագործակցության շրջանակում Գերմանիան նախատեսում է աջակցել DELTA-ի հետագա զարգացմանը, մասնավորապես՝ Ուկրաինայի ՏՏ կոալիցիայի միջոցով։ Միաժամանակ, գերմանական կողմի կողմից համակարգի օգտագործումը չի ենթադրի Ուկրաինայի պաշտպանության ուժերի մարտական կամ այլ օպերատիվ տվյալների փոխանցում կամ դրանց հասանելիություն։
Նշվում է, որ հաջորդ քայլը կլինի առանձին համաձայնագրի ստորագրումը, որը կսահմանի համագործակցության գործնական, տեխնիկական և իրավական պայմանները։
DELTA-ն մարտական թվային էկոհամակարգ է, որը մշակվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Նորարարությունների և պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի կողմից։ Համակարգը միավորում է իրավիճակային իրազեկման, հետախուզության, պլանավորման և մարտական առաջադրանքների կառավարման գործիքները։
Խմարան և Պիստորիուսը նոյեմբերի 23-ին, Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել Ուկրաինային լրացուցիչ հրթիռ-որսիչներ տրամադրելու վերաբերյալ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան «Արդյունաբերական Ռամշտայն» ծրագրին կհատկացնի 30 միլիոն եվրո։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

