Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփն այսօր հայտարարեցին Սյունիքով անցնող TRIPP նախագծի մեկնարկի մասին։ Հայաստանի վարչապետը Երևանից, իսկ ԱՄՆ նախագահը՝ Վաշինգտոնից, հեռուստատեսային ուղերձներ հղեցին։

«Հիրավի, պատմական իրադարձություն է ՀՀ նորագույն պատմության մեջ»,- հայտարարեց վարչապետը։

«Այսօր մենք շարունակում ենք առաջընթացը TRIPP նախագծի մեկնարկով։ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև այս գործընկերությունը կստեղծի նոր առևտրային ուղիներ ողջ տարածաշրջանում՝ ապրանքների, էներգետիկայի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովելու, որ այն մեծ հաջողություն ունենա»,- նշեց Թրամփը։

Փաշինյանի գնահատմամբ՝ TRIPP-ը Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն ձեռքբերումներից է։ Այն նախատեսում է Հարավային Կովկասում անխոչընդոտ բազմամոդալ տարանցիկ կապի ստեղծում՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։ Ըստ վարչապետի՝ նախագիծն ունի նաև անվտանգային բաղադրիչ։

«TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև ՀՀ անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը, դրանով հանդերձ՝ զգալիորեն ընդլայնելու է ՀՀ-ի կայունության հարցում շահագրգիռ շրջանակները»,- նշեց Փաշինյանը։

TRIPP նախագծի իրականացման մեկնարկը Սյունիքի մարզից ուղիղ եթերում հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության կողմից։ Հրապարակված կադրերում երևում է, որ Մեղրիի երկաթուղային թունելի մուտքի մոտ տեխնիկայի միջոցով տարածքի մաքրման և հարթեցման աշխատանքներ են իրականացվում։

Factor TV-ն հրապարակված կադրերի ուսումնասիրությամբ պարզեց, որ աշխատանքներն իրականացնում է «ԱԳ Իմպեքս» ընկերությունը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Հիմնադրման վայրը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքն է։ Նույն աղբյուրի համաձայն՝ «ԱԳ Իմպեքս» ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Սաթենի Պապյանին։ Ընկերության տնօրենը Գևորգ Խաչատրյանն է։

Ընտրողների ռեգիստրի միջոցով պարզեցինք, որ Սաթենի Պապյանն ու Գևորգ Խաչատրյանը բնակվում են Ագարակ քաղաքի նույն հասցեում։ Հավանաբար, ամուսիններ են։

Factor TV-ն կապ հաստատեց ընկերության տնօրեն Գևորգ Խաչատրյանի հետ։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են ընդգրկվել TRIPP-ի մեկնարկի աշխատանքներում, ի՞նչ ծառայություններ են մատուցելու, որքա՞ն ժամանակով, ո՞ր կառույցի հետ են պայմանագիր կնքել, և որքա՞ն է աշխատանքների արժեքը։

Գևորգ Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել այս հարցերին՝ պատճառաբանելով, որ վաճառքի բաժնի աշխատակից է, չնայած պետական ռեգիստրում նշված է որպես տնօրեն։

«ԱԳ Իմպեքս» ընկերության և Սաթենի Պապյանի հետ կապված այլ ուշագրավ տեղեկություններ էլ կան։ Factor TV-ն պարզեց, որ Պապյանն ու ընկերությունն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Ըստ «Դատալեքս»-ի՝ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցապահանջ է ներկայացրել՝ Սաթենի Պապյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու «ԱԳ Իմպեքս» ՍՊ ընկերության իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասը։

Ի դեպ, այս գործն առնչություն ունի Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի գործի հետ։ Զաքարյանի և Սաթենի Պապյանի գործերը դատարան են ներկայացվել մեկ հայցապահանջով։ Ըստ գործի նյութերի՝ Մխիթար Զաքարյանն ու Սաթենի Պապյանը համարվում են փոխկապակցված անձինք։

Այսօր ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Factor TV-ին հստակ պատասխան չտվեցին, թե «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ն ինչպես է ընդգրկվել TRIPP նախագծում։

Նախ դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակին, որն առաջարկեց պարզաբանումներ ստանալ ՏԿԵ նախարարությունից։ Նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ մեկնաբանություն կտան ավելի ուշ։

TRIPP նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Համաձայնեցված մեխանիզմի համաձայն՝ տարանցիկ երթուղու կառուցումն ու հետագա կառավարումն իրականացվելու է ամերիկյան կողմի՝ մասնավոր օպերատորի ներգրավմամբ։ Այս մոդելը կոչված է երաշխավորելու անվտանգ ու անխափան հաղորդակցություն՝ առանց Հայաստանի տարածքային ամբողջականության և իրավազորության սահմանափակման։

Նախագծի իրականացմամբ կողմերը հետապնդում են մի քանի հիմնական նպատակ։ Առաջին հերթին՝ խոսքը տարածաշրջանային ապաշրջափակման մասին է. ուղին ապահովում է անխոչընդոտ տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, իսկ փոխադարձության սկզբունքով Հայաստանը հնարավորություն է ստանում օգտվելու տարածաշրջանային երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ցանցից՝ դուրս գալով տրանսպորտային մեկուսացումից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան