Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
Քաղաքականություն
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ուղղափառների Գիորգոբա տոնի առթիվ ներում է շնորհել 232 անձի։ Երկրի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ ներման ակտը վերաբերում է ազատազրկման դատապարտված 216 անձի և ազատազրկման հետ կապ չունեցող պատժի դատապարտված 16 անձի, գրում է Sova news-ը։
«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված բացառիկ լիազորության իրականացումը հիմնված է մարդասիրության սկզբունքի և պետական շահերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միխեիլ Ղավելաշվիլիի կողմից ներման արժանացածների թվում են Գիորգի Մինդաձեն, Անրի Կվարացխելիան և Նիկոլոզ Ջավախիշվիլին, որոնք դատապարտվել էին 2024 թվականի վերջին եվրոպամետ բողոքի ցույցերին մասնակցելու համար։
Գիորգի Մինդաձեին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի վրա հարձակվելու համար․ նա կիրառել էր պիրոտեխնիկա և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Անրի Կվարացխելիան դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանը հաստատել էր, որ նա «Մոլոտովի կոկտեյլ» է նետել հատուկ նշանակության ջոկատի աշխատակցի ուղղությամբ։
Նիկոլոզ Ջավախիշվիլին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ խմբային գործողություն կազմակերպելու կամ դրան մասնակցելու համար։ Նա պետք է ազատ արձակվեր այս տարվա դեկտեմբերին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

