Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
Քաղաքականություն
23.11.2026 | 15:19
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է արտաքին քաղաքականության նպատակների շարքում առանձին ամրագրել խաղաղության ապահովումը։ Եթե գործող Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության նպատակը բոլոր պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելն է, ապա նոր նախագծով դրան ավելացվում է «և խաղաղություն ապահովելու» ձևակերպումը։ Միաժամանակ պահպանվում է արտաքին քաղաքականությունը միջազգային իրավունքի հիման վրա իրականացնելու սկզբունքը։
Ի՞նչ է փոխվել գործող Սահմանադրության համեմատ
Գործող Սահմանադրության 13-րդ հոդվածով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»։
Նոր նախագծի 8-րդ հոդվածում նույն դրույթը լրացվել է խաղաղության ապահովման նպատակով։
| Գործող Սահմանադրություն | Նոր նախագիծ |
|---|---|
| Հոդված 13․ «Արտաքին քաղաքականությունը» | Հոդված 8․ Նույն վերնագիրը |
| Արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա | Դրույթը պահպանվել է |
| Նպատակ է սահմանվում բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելը | Դրույթը պահպանվել է |
| Խաղաղության ապահովումն այս հոդվածում առանձին չի հիշատակվում | Ավելացվել է «և խաղաղություն ապահովելու» ձևակերպումը |
Նոր նախագծում խաղաղության գաղափարն ընդգծվում է նաև նախաբանում, որտեղ նշվում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությունը։
Ուշագրավ է, որ Սահմանադրական դատարանն ավելի վաղ անդրադարձել էր գործող Սահմանադրության 13-րդ հոդվածին։
2025 թվականի որոշմամբ ՍԴ-ն արտաքին քաղաքականության սահմանադրական հիմնարար սկզբունքներ է առանձնացրել բարիդրացիականությունը, այլ պետությունների հետ հարաբերությունների փոխշահավետությունը և միջազգային իրավունքի նորմերով կանոնակարգվածությունը։
Դատարանը նաև արձանագրել է, որ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման լիազորությունը պատկանում է Կառավարությանը, ինչը ներառում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, համագործակցության ուղղությունների և միջազգային կազմակերպություններին անդամակցության քաղաքական նպատակահարմարության որոշումը։
Անահիտ Խաչատրյան

