Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.11.2026 | 14:22Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի առաջարկած քաղաքական գործարքներին, Սահմանադրության փոփոխության շուրջ քննարկումներին, Արցախի դրոշի և իշխանությունների առաջարկած խաղաղության վերաբերյալ իր մտահոգություններին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ձախողվելու դեպքում հրաժարական տալու առաջարկին՝ Վարդանյանն ասաց, որ վարչապետի խոստումներին վստահելու հիմքեր չի տեսնում։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն Փաշինյանի նախկին հայտարարություններն ու չկատարված խոստումները։
«Ցանկացած մեկը, ով հարգում է իրեն, հատկապես եթե քաղաքական գործիչ է, չի կարող ուղղակի Փաշինյանին հավատալ։ Եթե մի անգամ է մարդը խաբում, մարդու մեղքն է, երկրորդ անգամ էլ կարող է իր մեղքն է, բայց 168-րդ անգամ եթե որևէ մեկը խաբում է այլ սուբյեկտի, արդեն խաբվող սուբյեկտի մեղքն է դառնում։ Թող բերի հինգ նախադեպ, որ ինքը չի գցել, չի գցել իր խոստումը ժողովրդին»,- հայտարարեց պատգամավորը։
Վարդանյանը խոսեց նաև իշխանությունների կողմից հնարավոր ճնշումների և ընդդիմությանը խորհրդարանից դուրս թողնելու վերաբերյալ հայտարարությունների մասին։ Նա պնդեց, որ նույնիսկ ուժային կառույցների ներգրավմամբ ճնշումների դեպքում Փաշինյանը չի կարողանա ապահովել իր ուզած քաղաքական արդյունքը։
«Փաշինյանի մոտ՝ «բուլդուզերով լինի, ԱԱԾ-ով լինի, Քննչականով լինի, մեկ է՝ ստանալու եմ այդ ձայները»․ չի ստանալու, մենք իր պես ընդդիմություն չենք։ …Ինչ ճնշում ուզում է գործադրի․ եթե սպառնալիքն այն է, որ այնպես կանեմ, որ դուք խորհրդարանում չեք լինի… թող փորձի, լավ, ուզում է այդ ճանապարհով, թող հրաժարական տա»,- ասաց Վարդանյանը։
Անդրադառնալով իշխանությունների խաղաղության օրակարգին՝ պատգամավորը քննադատեց կառավարության մոտեցումները՝ դրանք համեմատելով Արցախում ստեղծված իրավիճակի հետ։ Նրա գնահատմամբ՝ խաղաղությունը չի կարող իրական համարվել, եթե այն ենթադրում է հայ բնակչության բացակայություն։
«Շատ բնութագրական է այն խաղաղությանը, որը իրենք են առաջարկում մեզ, ճիշտ այն խաղաղությունը, որը Արցախում կա, չէ՞, խաղաղություն՝ առանց հայերի․ դա ենք մենք ասել՝ գերեզմանային խաղաղություն․ գերեզմանում ամենախաղաղ վիճակն է։ Ասում է՝ «մեռնեք էլ, խաղաղություն պիտի լինի»․ ավելի բնութագրական տերմին Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, քան երեկ հորինեց Արարատ Միրզոյանը, չկա»,- հայտարարեց նա։
Վարդանյանն անդրադարձավ նաև Արցախի դրոշի և Հայաստանի ու Արցախի վերամիավորման քաղաքական օրակարգի շուրջ քննարկումներին։ Նա ասաց, որ ներկայում նման օրակարգ չկա, քանի որ Արցախում այլևս հայեր չեն բնակվում։ Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ իրենց համար Արցախի դրոշը շարունակում է խորհրդանշական նշանակություն ունենալ, սակայն իրենք չեն պատրաստվում այդ հարցը վերածել քաղաքական հակամարտության առանձին թեմայի։
«Հայաստանում Արցախի և Հայաստանի վերամիավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ հիմա Հայաստանում կա Ալիևի պահանջով Սահմանադրություն չփոխելու օրակարգ։ …Այդ դրոշները մեր սրտում են… բայց այս ամեն ինչը մենք դրոշային մարտերի չենք վերածելու, որովհետև գիտենք, որ դա ցավ է պատճառում մեր քաղաքացիներին»,- նշեց պատգամավորը։
Խոսելով Սահմանադրության փոփոխության և անփոփոխելի հոդվածների վերանայման հնարավորության մասին՝ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ անընդունելի է համարում օտար պետության պահանջով երկրի հիմնական օրենքը փոխելը։ Նրա խոսքով՝ նման քայլը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել՝ հնարավորություն տալով այլ պետություններին ևս պահանջներ ներկայացնել Հայաստանի ներքին սահմանադրական կարգավորման վերաբերյալ։
«Եթե դուռը բացում ենք օտար երկրի պահանջով Սահմանադրություն փոխելու, դրանով աշխարհին ասում ենք, որ այդ գործիքը աշխատում է․ եթե կուզեք՝ հրավեր ենք անում․ Չինաստանի ղեկավա՛ր, արի՛, մեզ մի բան պահանջիր։ Դա մի Պանդորայի արկղ է, որը եթե բացես, դժվար է լինելու փակելը։ ․․․Այլ երկրի պահանջով անփոփոխելի հոդվածներ փոխելը ու դրա համար նոր Սահմանադրություն գրելը անընդունելի է»,- հայտարարեց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

