Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
Իսպանական «Սուետայի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը լքել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ճամբարը և այս րոպեներին հանդիպման է մասնակցում իր ակումբի կազմում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն այս րոպեներին հանդիպման է մասնակցում իսպանական «Սուետայի» կազմում:
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում Երևանից մեկնել է Ռիգա, որտեղ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ից, Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում մրցելու է Լատվիայի հավաքականի հետ:
Էդգար Սևիկյանը չի ընդգրկվել հանդիպման հայտացուցակում: Փոխարենը նա «Սուետայի» կազմում մասնակցում է «Տեներիֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգա-2-ի 14-րդ տուրի խաղին, որը մեկնարկել է Երևանի ժամանակով 17:00-ին:
Հայաստանի հավաքականի կազմում Լատվիայի դեմ հանդիպմանը հայտավորվել է 22 ֆուտբոլիստ:
Էդգար Սևիկյանը 2023 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 25 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ: Նախկինում կիսապաշտպանը խաղացել է Ռուսաստանի Մ-15, Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19, Մ-20 և Մ-21 հավաքականներում:
Դավիթ Եղիազարյան

