Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Քաղաքականություն
14.11.2026 | 11:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում․ գրառմամբ տեղեկացնում է վարչապետի խոսնակը։
«Վարչապետը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ անցնող շաբաթը Նիկոլ Փաշինյանի համար հագեցած էր միջազգային այցերով։
Վարչապետը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա, որտեղ նոյեմբերի 10-ին մասնակցել էր Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովին։
Հաջորդ օրը նա մեկնել էր Թուրքիա՝ COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը մասնակցելու, իսկ նոյեմբերի 12-ին ժամանել Իռլանդիա՝ Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Դուբլինում Փաշինյանը հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․ քննարկվել էին խաղաղության գործընթացին, TRIPP նախագծին, տարածաշրջանային կապերին, սահմանազատմանն ու տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

