Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
Քաղաքականություն
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան հարձակվել են Խարկովի վրա, ինչի հետևանքով վեց մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է Խոլոդնոգորսկի շրջանում մասնավոր տանը։ Վնասվել է շուրջ 10 ավտոմեքենա։
Խերսոնում ռուսական FPV անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքի իններորդ հարկում գտնվող բնակարանում։ Տուժել է մեկ կին։
Կիրովոգրադի մարզի Գոլովանովսկի շրջանում վնասվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից նշել են, որ կրկնակի հարվածների մշտական սպառնալիքը դժվարացրել է հրդեհաշիջման աշխատանքները։
Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ լույս նոյեմբերի 10-ի գիշերը Ռուսաստանը հարվածել է մեկ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 162 հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Առավոտվա դրությամբ ուկրաինական ուժերը խոցել են 135 ԱԹՍ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել են Դնեպրոպետրովսկի մարզի Վոլնոգորսկ և Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքներում գտնվող էլեկտրական ենթակայանների, ինչպես նաև Կիևի մարզում երկու էլեկտրական ենթակայանների հարվածելու մասին։ Նույն հայտարարության համաձայն՝ հարվածներ են հասցվել նաև Սև ծովում գտնվող երկու բեռնատար նավի և մեկ լցանավի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

