Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» եզրային կիսապաշտպան Հարվի Սարաջյանը պատմել է, թե ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
«Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելը։ Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Երբ այդ հնարավորությունն ընձեռվեց, ես այն ընկալեցի որպես իմ արմատներին ավելի մոտենալու, ընտանիքս ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտանալու առիթ տալու հնարավորություն։
Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման։ Հաշվի առնելով, թե Յուրան որքան մեծ նվաճումների է հասել հայկական ֆուտբոլում, նրա հետ հանդիպումն անչափ շատ յուրահատուկ պահ դարձավ։ Յուրա Մովսիսյանի հետ զրույցն իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց և ես էլ ավելի ոգևորությամբ հավատացի հայկական ֆուտբոլի ապագային։
Ես գիտեմ, թե ֆուտբոլն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում, օգնել նրան մրցունակ դառնալ և հուսով եմ՝ միասին հասնել մի մեծ ու հիշարժան հաջողության»,- ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է 21-ամյա ֆուտբոլիստը:
Հարվի Սարաջյանը 2025 թվականից է խաղում «Օռլանդո Սիթիում»: MLS-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 խաղի, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 200 հազար եվրո է գնահատում Սարաջյանի տրանսֆերային արժեքը:
MLS-ի կանոնավոր առաջնությունում «Օռլանդո Սիթին» գրավել է 8-րդ տեղը և դուրս եկել փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի «Ցինցիցնատիի» հետ:

