Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«2020 թվականի 44-օրյա պատերազմը հնարավոր էր կանգնեցնել շատ ավելի վաղ և անհամեմատ ավելի ցածր գնով, իսկ 2023 թվականին Արցախի ամբողջական կորուստը տեղի ունեցավ ինչպես Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության, այնպես էլ Ռուսաստանի և միջազգային հանրության ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանքով»,- այս մասին FactorTV-ի հետ զրուցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, «Արցախի միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքին և նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ Բեգլարյանը նշեց, որ ռազմական գործողությունները աղետալի հետևանքների հանգեցրին երկարաժամկետ ռազմավարական բացթողումների և ՀՀ իշխանությունների կոնկրետ սխալների պատճառով․ «Ակնհայտ է, որ ավելի վաղ և ավելի ցածր գնով հնարավոր էր կանգնեցնել պատերազմը։ Օրինակ՝ հոկտեմբերին կանգնեցնելու դեպքում պայմանները մեզ համար շատ ավելի մեղմ ու բարվոք կլինեին։ Իսկ արդեն նոյեմբերի 9-ին իրավիճակն այնքան ծայրահեղ էր, որ մի քանի օրվա ընթացքում կարող էինք կորցնել Արցախի մնացած ողջ հատվածը։ Ռազմական և քաղաքական կառավարման ձախողումների մեջ ակնհայտորեն եղել է նաև դիտավորություն»։
Բեգլարյանի խոսքով՝ թեև 2020-ի նոյեմբերի 10-ին բոլորի մոտ ծանր ապրումներ էին, սակայն կար հույս, որ Ռուսաստանի անվտանգային երաշխիքների ներքո հնարավոր կլինի փրկել Արցախի մնացած հատվածը։ Սակայն 2023 թվականի իրադարձությունները ցույց տվեցին այդ հույսերի փլուզումը։
Արցախի նախկին օմբուդսմենը մատնանշեց երեք հիմնական պատճառ, որոնք հանգեցրին պատերազմին և 2023թ․ էթնիկ զտմանն ու հայաթափմանը։ Ըստ Բեգլարյանի՝ Երևանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, չպահեց Արցախը և հրաժարվեց նրա նկատմամբ ստանձնած պարտավորություններից․ «ՌԴ-ն չկատարեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտականությունները։ Ինչպես նաև՝ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության կանխարգելումը ողջ աշխարհի պարտականությունն էր։ Սակայն ռուս-արևմտյան առճակատման ֆոնին արևմտյան որոշ շրջանակներ կա՛մ աջակցեցին Ադրբեջանին, կա՛մ աչք փակեցին տեղի ունեցածի վրա՝ նպատակ ունենալով նվազեցնել ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում»։
Խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի՝ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի մասին, Բեգլարյանը շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ գերիներին, ներառյալ՝ 2020թ․ պատերազմից դեռևս մնացած առնվազն երկու զինծառայողի և 2023 թվականին առևանգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․
«Ադրբեջանը չի կատարում ո՛չ նոյեմբերի 9-ի կետերը, ո՛չ էլ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումները։ Բայց այստեղ գլխավոր հարցն այն է, թե ո՞վ պետք է հետամուտ լինի դրանց։ Առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Ուրիշ ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու։ Ցավոք, ՀՀ իշխանությունները բավարար ու ամբողջական ջանքեր չեն գործադրում Բաքվում պահվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։
Մանամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

