Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
Հասարակություն
04.11.2026 | 19:02
Factor TV-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի՝ հոկտեմբերի 14-ին կայացած ընտրության ժամանակ 9 դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր է եղել, ինչն էլ վճռորոշ է եղել, որ առաջադրված թեկնածուներից Էդգար Շաթիրյանը չընտրվի ՍԴ նախագահ։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստին դատարանի նախագահի ընտրության հարցն է եղել։ Որպես նախագահի թեկնածուներ առաջադրվել են դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը։
Ընտրության առաջին փուլով առաջադրված թեկնածուներ Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը չեն ընտրվել։ Մեր տեղեկություններով՝ Էդգար Շաթիրյանը ստացել է 5 ձայն, իսկ Վլադիմիր Վարդանյանը՝ 4։
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը։ Սահմանադրական դատարանը գործում է 9 դատավորի կազմով, այսինքն՝ որպեսզի առաջադրված երկու թեկնածուներից որևէ մեկն ընտրվեր նախագահ, պետք է ստանար առնվազն 6 ձայն։
Օրենքի համաձայն՝ եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք առաջին փուլի քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։
Այսինքն՝ եթե առաջին փուլով ՍԴ նախագահ դառնալու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 6 ձայն, ապա երկրորդ փուլում այս շեմը իջեցվում է, և նախագահ դառնալու համար անհրաժեշտ է 5 ձայն։ Սա ճիշտ այնքան քվե է, որքան առաջին փուլում ստացել էր Շաթիրյանը։
Թեև օրենքը ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլի համար հնգօրյա ժամկետ է սահմանում՝ երկրորդ փուլը սկսվել է առաջին փուլի ավարտից մոտ 30 րոպե անց։ Այս անգամ Վլադիմիր Վարդանյանը կրկին ստացել է 4 ձայն, Էդգար Շաթիրյանը, որ նախորդ փուլում ստացել էր 5 ձայն, այս անգամ ստացել է 4 ձայն, իսկ 1 քվեաթերթիկ անվավեր է եղել։ Ստացվում է՝ դա եղել է Շաթիրյանի օգտին քվեարկած դատավորներից մեկի քվեաթերթիկը։
Նկատենք, որ եթե Էդգար Շաթիրյանը երկրորդ փուլում ևս ստանար առաջին փուլում իրեն ընտրած բոլոր 5 դատավորի քվեն, ապա կընտրվեր նախագահ։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
Հարց է առաջանում․ արդյոք կարո՞ղ է այսպիսի բարձր մասնագիտական պահանջներին համապատասխանող անձանցից մեկը չիմանալ՝ ինչպես քվեարկել, որ քվեաթերթիկն անվավեր չճանաչվի, թե՞ կարելի է ենթադրել, որ 1 քվեաթերթիկն անվավեր է դարձվել միտումնավոր։
Նշենք, որ նոյեմբերի 6-ին Սահմանադրական դատարանում տեղի կունենա նախագահի նոր ընտրություն։ Թեկնածուների առաջադրումը տեղի է ունենալու նիստի ընթացքում, բայց, ամենայն հավանականությամբ, նախորդ ընտրության ժամանակ առաջադրված թեկնածուներ Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը կրկին կառաջադրվեն։
Արաքս Մամուլյան

