Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.11.2026 | 20:00«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Factor TV-ի տաղավարում վերլուծել է ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները, գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև սպասվող հակադրությունները, ինչպես նաև համաշխարհային նոր աշխարհակարգն ու Հարավային Կովկասում ամերիկյան շահերը։
Անդրադառնալով միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության գրանցած արդյունքներին, որոնցով կարևոր նահանգներում կուսակցությունը պարտություն կրեց՝ փորձագետը նշել է. «Պատճառները բնականաբար տարբեր են, բայց կարծում եմ՝ կարող ենք առանձնացնել և՛ վերջին երկու տարիները, և՛ վերջին երկու օրը»։
Ըստ Սարգսյանի՝ վերջին օրերին Թրամփի վարչակազմի կողմից Իրանին միջուկային զենքով հարվածելու մասին տեղեկատվության արտահոսքը բուռն քննարկումների առիթ դարձավ և մեծ ազդեցություն ունեցավ վերջին արդյունքների վրա։ «Իր ռեյտինգը հիմա պատմականորեն ամենացածր մակարդակի վրա է՝ համեմատած վերջին տասնամյակներում կառավարած նախագահների։ Ցածր ռեյտինգով է գնացել, և սա բնականաբար լուրջ հարված էր հասցրել իր քաղաքական թիմին՝ հանրապետականներին»,- նշում է Սարգսյանը։
Միաժամանակ նա հիշեցնում է, որ պատմականորեն միջանկյալ ընտրությունները գործող նախագահի աշխատանքի որոշակի գնահատական են կամ վստահության քվե։
Խոսելով ԱՄՆ գործող նախագահի և Կոնգրեսի (մասնավորապես՝ Ներկայացուցիչների պալատի, որն անցնում է դեմոկրատներին) միջև սպասվող դիմակայությունների մասին, Սարգսյանը հստակեցնում է օրենսդիրի լծակները. «Սենատի կարևոր ֆունկցիաներից մեկը… բյուջետայինը մի կողմ դնենք, վերահսկողական ֆունկցիաները մի կողմ դնենք… դեսպանների նշանակումն է, կաբինետի անդամների նշանակումն է, որը կարող են բոյկոտել, կարող են վետո կիրառել և կարող են ընդհանրապես բլոկ անել, որպեսզի կոնկրետ անձնավորությունը կոնկրետ երկրում դեսպան չնշանակվի: Կարող են նախագահի որոշակի լիազորությունների սահմանափակում կիրառել… Այսինքն՝ ունեն ֆունկցիաներ, որոնցով որ կարող են իհարկե նախագահի համար լուրջ խնդիրներ ստեղծել»։
Այնուամենայնիվ, նախագահը զինված է վետոյի իրավունքով և գործադիր հրամանագրերով (executive orders). «Ենթադրենք ընդունեն օրենք, ինքը վետոյի իրավունքը կարող է կիրառել, և վետոն հաղթահարելը շատ բարդ պրոցես է իրականում»։
Միջազգային հարաբերությունների վերաձևավորման վերաբերյալ Սուրեն Սարգսյանը նկատում է, որ ժամանակակից աշխարհը նոր գլոբալ պայմանավորվածությունների կարիք ունի։ «Պատմությունը, համաշխարհային տնտեսությունը, համաշխարհային քաղաքականությունը ունի կարիքը դրա, որովհետև 45 թվին վերաձևավորված աշխարհը էապես տարբերվում է էսօրվա իրական աշխարհից… դու չես կարող 45 թվականին աշխարհը կիսելու տրամաբանությամբ էսօրվա պրոցեսներն առաջնորդես, որովհետև առնվազն մեկ գերտերություն հայտնվել է», – պարզաբանում է միջազգայնագետը։
Ամփոփելով Հարավային Կովկասի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը՝ Սարգսյանն ուղիղ մատնանշում է Վաշինգտոնի պրագմատիկ նպատակները. «Ամերիկյան շահը մեր ռեգիոնում Կենտրոնական Ասիայի ռեսուրսները Ռուսաստանին, Իրանին և շրջանցելով Չինաստանին Եվրոպական Միություն հասցնելն է… իհարկե դա Միացյալ Նահանգների շահն է։ Իրենք ասում են, որ էդ ռեսուրսները՝ նավթը, գազը և այլ ռեսուրսները չհայտնվեն Չինաստանի, Ռուսաստանի կամ Իրանի ձեռքում»։ Նրա խոսքով, սա դեռևս 90-ականներից եկող հայտնի ամերիկյան պլան է, որը տարիներ շարունակ փորձ է արվում կյանքի կոչել տարածաշրջանում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

