Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Գերմանիայի խոշոր քաղաքներում «Gen-Z regelt» շարժման կազմակերպած երիտասարդական բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, գույքի վնասմամբ և թալանով։ Կազմակերպիչների տվյալներով՝ ավելի քան 30 քաղաքում անցկացված ցույցերին մասնակցել է 100 հազարից ավելի մարդ, գրում է dw.com-ը։

Գերմանիայի խոշոր քաղաքներում «Gen-Z regelt» («Սերունդ Z-ն է որոշում») շարժման կազմակերպած երիտասարդական ցույցերը հոկտեմբերի 31-ի՝ շաբաթ օրվա երեկոյան վերածվել են անկարգությունների։ Ֆրանկֆուրտում ցուցարարների մի մասը կոտրել է խանութների ցուցափեղկերն ու բախումներ հրահրել ոստիկանության հետ, Բեռլինում իրավախախտումների համար ձերբակալվել է 56 մարդ, իսկ Քյոլնում իրավապահներն արգելել են երթը։

Կազմակերպիչների տվյալներով՝ բողոքի ակցիաներն անցկացվել են Գերմանիայի ավելի քան 30 քաղաքում, դրանց մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Ցուցարարների պահանջների թվում են կրթության որակի բարձրացումը, կյանքի թանկացման դեմ միջոցների ձեռնարկումը, կլիմայի առավել ակտիվ պաշտպանությունը, հոգեթերապիայի և կախվածությունների բուժման ծառայությունների հասանելիության բարելավումը։ Բացի այդ, ցույցերի կազմակերպիչները դեմ են պարտադիր զինվորական ծառայության ներդրմանն ու սոցիալական ծախսերի կրճատմանը։

Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ

Ֆրանկֆուրտում 8-9 հազար մարդու մասնակցությամբ խաղաղ մեկնարկած ցույցերը վերածվել են թալանի և ոստիկանների վրա հարձակումների, այդ թվում՝ «Մոլոտովի կոկտեյլների» կիրառմամբ։ Մասնավորապես, ագրեսիվ տրամադրված ցուցարարների խմբին հաջողվել է ներխուժել զենքի խանութ, ինչպես նաև հագուստի և սպորտային կոշիկների Snipes խանութ։ Առաջին առևտրային օբյեկտի վրա հարձակվածներից առգրավվել է երկու միավոր զենք։

Հեսսենի ներքին գործերի նախարար Ռոման Պոզեկի խոսքով՝ անկարգությունների հետևում կանգնած են շուրջ 100 բռնության հակված ձախ ծայրահեղականներ, որոնք միացել էին ցուցարարներին։ Մոտ նույնքան մարդու ոստիկանները ստուգել են, ևս 30-ից ավելի մարդ ձերբակալվել է։

Գիշերվա մոտ իրավապահներին հաջողվել է դադարեցնել անկարգությունները։ Դրա համար կիրառվել են ջրցան մեքենաներ, զրահապատ ոստիկանական մեքենաներ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր։ Ոստիկանությունը ստիպված է եղել փակել քաղաքի կենտրոնի մի հատվածը։

«Նրանք, ովքեր Ֆրանկֆուրտի կենտրոնում իրենց պահում են այնպես, ինչպես իրավախախտները, իրենք իրենց դուրս են դնում մեր հասարակությունից։ Մենք մանրակրկիտ կվերլուծենք ագրեսորների գործողությունները, իրավախախտների խմբերի կազմը և իրադարձությունների ընթացքը, որից հետո համապատասխան հետևություններ կանենք»,- հայտարարել է Հեսսենի վարչապետ Բորիս Ռայնը։

Բեռլինում 27 ոստիկան վիրավորվել է, իսկ Քյոլնում երթն արգելվել է

Բեռլինում երկու խոշոր բողոքի ակցիաներից մեկը, որին մասնակցել է շուրջ 3500 մարդ՝ հիմնականում ձախ արմատական խմբավորումների ներկայացուցիչներ, վերածվել է անկարգությունների։ Ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ նետել է ճայթրուկներ, արձակել հրավառության միջոցներ և շշեր նետել։ Իրավապահների տվյալներով՝ ակցիայի մասնակիցները նաև վնասել են գույքը և խախտել զենքի մասին օրենքը։ Արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, ոստիկանության 27 աշխատակից ստացել է թեթև վնասվածքներ։

Քյոլնում իրավապահներն արգելել են ցուցարարներին երթ անցկացնել՝ թույլատրելով միայն մեկ վայրում հավաք կազմակերպել։ Որոշման պատճառ են դարձել որոշ ցուցարարների դիմակները, ինչպես նաև պիրոտեխնիկայի կիրառումը․ այն նետել են նաև ոստիկանների ուղղությամբ։ Ակցիայի ավարտին ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ։

Համբուրգում երեկոյան ցուցարարների մի մասը բարիկադներ է կառուցել և հրկիզել դրանք, ինչպես նաև շշեր ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Նման կերպ են ավարտվել ցույցերը նաև Շտուտգարտում և Բրեմենում։

Նմանատիպ ցույցեր են անցկացվում նաև եվրոպական այլ երկրներում

Հոկտեմբերի 31-ին Գերմանիայում անցկացված բողոքի ակցիաները երիտասարդական ցույցերի ալիքի մի մասն են, որը վերջին շաբաթներին ընդգրկել է նաև եվրոպական այլ երկրներ, մասնավորապես՝ Ֆրանսիան և Բելգիան։ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ցույցերը վերածվել են ջարդերի և ոստիկանության հետ բախումների։

Բարդ իրավիճակ է նաև Իտալիայում։ Կազմակերպիչների տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին այնտեղ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի