Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2026 | 15:04Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը՝ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնելով ընդդիմության վրա։
Հակոբյանի պնդմամբ՝ միջադեպը հրահրել են ընդդիմադիրները, երբ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա հարձակում է գործվել։
«Խայտառակ իրավիճակը ստեղծել է ընդդիմությունը՝ հարձակվելով և խփելով։ Առաջինը նրանք են հարվածել։ Դրանից հետո կրքերը մի պահ հանդարտվեցին, մենք կարծեցինք, թե ամեն ինչ կհանդարտվի, այդ պատճառով էլ նիստը չընդհատվեց, և անվտանգության աշխատակիցներ չհրավիրվեցին։ Բայց հետո նորից շարունակվեց ընդդիմության կողմից»,- ասաց պատգամավորը։
Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք նորմալ է, երբ ԱԺ փոխնախագահը աթոռ է նետում գործընկերների վրա, Հակոբյանը հակադարձեց՝ պնդելով, որ իրենք ինքնապաշտպանվել են։
«Իսկ դուք նորմա՞լ եք համարում, որ առանց որևէ վիրավորական արտահայտության՝ հարձակվում են ամբիոնից ելույթ ունեցողի վրա։ Այսինքն՝ մեզ պետք է հարվածեն, մենք ոչինչ չանե՞նք, բարեվարք կանգնենք նայե՞նք։ Երբ մեր վրա փայտով են հարձակվում, ԱԺ գույքը՝ սեղանները ջարդում ու փայտերով փորձում են ծեծել, աթոռով էլ, շշով էլ, ամեն ինչով էլ ծեծ են ուտելու։ Եթե մեզ հարվածեցին, ծեծ են ուտելու նորից»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիրները մշտապես խանգարում են իրենց ելույթները, տեղից անընդհատ միջամտում և բղավում, մինչդեռ ՔՊ-ն նման կերպ չի վարվում ընդդիմադիր պատգամավորների ելույթների ժամանակ․ «Նրանք պետք է բարի լինեն նույն կերպ վարվել։ Իրենք անընդհատ սադրում են, իսկ այս անգամ արդեն ոչ միայն ընդհատում էին, այլև հարձակվեցին ամբիոնի վրա»։
Անդրադառնալով խորհրդարան կանչված շտապօգնությանը՝ Հակոբյանը հայտնեց, որ իրենց թիմից վնասվածքներ ստացողներ չկան, և բժիշկները եկել են ընդդիմադիրների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

