Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2026 | 14:06Եթե որևէ մեկը կա, որ մտածում է՝ կարող է Ազգային ժողովի պատգամավորին ձեռքը երկարացնի, խփի, կամ ինչ-որ բան անի, այդ ձեռը կջարդենք: Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ ողջունում է ԱԺ-ում ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ի գործողությունները։ Factor TV-ին հետաքրքրվեց, թե Ազգային ժողովի փոխնախագահի կողմից աթոռը վերցնել և ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ հարվածելու, ՔՊ-ական պատգամավոր Ռոման Համբարձումյանի վիրավորական խոսույթի և Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ տևական ժամանակ անվտանգության աշխատակիցներին նիստերի դահլիճ չհրավիրելու մեջ կոնկրետ ինչն է ողջունում՝ հաշվի առնելով նաև ՔՊ-ի ընդունած էթիկայի կանոնագիրքը, որին վարչապետն արձագանքեց․
«Ասում եմ՝ ձեռը կջարդենք, չեմ ասում՝ աթոռով, թե ինչով: Աթոռով էլ կջարդենք, շատ ուղիղ եմ ասում՝ սեթևեթելու տեղ չունեմ: Թող իրենց տեղը իմանան: Ամեն ինչը ունի չափ ու սահման։ Եվ երբ որ իրենց այդ «դուրսպրծուկը» դուրս էր տալիս ամբիոնից, երեք ամիս Քաղաքացիական պայմանագիրը ասում էր՝ գնահատական տվեք տեղի ունեցածին։ Թող ուտեն իրենց արածների հետևանքները, ու սրանից հետո միշտ լինելու է այդպես․ ինչքան իրենց այդպես պահեն, ստանալու են այդ նույն արձագանքը»,- հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել է ՔՊ-ական Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։ Ծեծկռտուքի ընթացքում պատգամավորները ծեծել ու աթոռով հարվածել են միմյանց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թույլ չի տվել անվտանգության աշխատակիցներին ներս մտնել և հորդորել է դադարեցնել։ Սակայն պատգամավորները շարունակել են ծեծկռտուքը, որից հետո Ռուբինյանն ընդմիջում է հայտարարել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

