Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.09.2026 | 13:12Ավելի քան երկու տասնամյակ Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած Կամո Արեյանը մեղադրյալի աթոռին է: Նրան վերագրվում է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում անօտարելի հողատարածք օտարելու գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման արարք:
Ըստ մեղադրանքի՝ Կամո Արեյանը 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրով, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1788-Ն որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված դրույթների ուժով հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պետական սեփականություն հանդիսացող’ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար:
Այդ ժամանակ Երևանի քաղաքապետը եղել է Երվանդ Զախարյանը:
Այսօր բացման խոսքով հանդես եկան հանրային մեղադրողն ու պաշտպանական կողմը: Արեյանի պաշտպանը նշեց, որ նա անօրինական գործողություն չի կատարել, ինչպես նաև չի ունեցել այն լիազորությունները, որոնք, ըստ մեղադրանքի նկարագրության, չարաշահել է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արաքս Մամուլյան

