Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.09.2026 | 22:00ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին, ընդդիմության գործողություններին, արտաքին քաղաքական վեկտորին և խաղաղության գործընթացին։
Ի պատասխան այն դիտարկմանը, թե արդյոք Ազգային ժողովի ընտրությունները դիտարկած ԵԽԽՎ-ի զեկույցը չի ստվերել խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, Սարգիս Խանդանյանը նշեց.
«Բնավ ոչ: Ընդհանրապես էս զեկույցները շատ օգտակար են հետագա օրենսդրական բարեփոխումների տեսանկյունից, և էս զեկույցում ամենակարևոր շեշտադրումն այն է, որ Հայաստանի ժողովուրդը դիմակայեց արտաքին աննախադեպ ճնշումներին, և ցույց տվեց, որ կենսունակ է Հայաստանի ժողովրդավարությունը»։
Նա նաև հավելեց, որ դիտորդական առաքելությունը կարճաժամկետ է եղել և չի արտացոլել Սահմանադրական դատարանի՝ վեճը մանրամասն քննելու և ընտրությունների արդյունքները հաստատելու փաստը։
Անդրադառնալով ընդդիմադիր որոշ գործիչների կալանավորման և նրանց կողմից իրենց որպես «քաղբանտարկյալ» ներկայացնելու հարցին՝ պատգամավորը շեշտեց.
«Նրանք քրեական հետապնդման են ենթարկվում կոռուպցիոն հանցագործությունների համար: Եվ միշտ Հայաստանում ճիշտ հակառակն է… եթե որևէ մեկի հետ կապված կա կոռուպցիոն կամ այլ տեսակի քննություն, նրանք կամ դառնում են քաղաքական գործիչներ, կամ ակտիվացնում են իրենց նախկինում ունեցած քաղաքական կարիքները»։
Խոսելով արտաքին ուժերի միջամտությամբ պետության զավթման փորձերի մասին՝ Խանդանյանն ուղիղ մատնանշեց Ռուսաստանի Դաշնությանն ու որոշակի քաղաքական ուժերի կապը.
«Ռուսաստանի ղեկավարը շատ ուղիղ էդ մասին խոսել է վարչապետ Փաշինյանի հետ իր նախանցած հանդիպման ժամանակ, որ ցանկանում է, որ Հայաստանում ազատորեն գործեն պրոռուսական քաղաքական ուժերը… «Բարգավաճ Հայաստան»-ը բելառուսական ուժ է, իսկ «Հայաստան» դաշինքի առաջնորդը մաքուր ռուսերենով հայտնի հեռախոսազրույցում խնդրում էր երաշխավորել իր «պլավնի» ելքը Հայաստանից»։
Ի պատասխան ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցին, ԱԺ հանձնաժողովի նախագահը հստակեցրեց իշխանության դիրքորոշումը.
«Մենք ասել ենք, որ Եվրոպական միության անդամակցության պրոցեսը նախ և առաջ մեզ համար ներքին օրակարգի հարց է: Եվ մենք կդիմենք Եվրոպական միությանը, չենք դիմի Եվրոպական միությանը, մենք անելու ենք այն բոլոր բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոպական միության անդամ երկրներին նման պետություն՝ իր որակով՝ տնտեսական, սոցիալական, ժողովրդավարական առումներով»։
Նա նաև ընդգծեց, որ ԵՄ-ին հայտնի է Երևանի դիրքորոշումը Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում. «Եվրամիությանը հայտնի է, որ Հայաստանը չի ուզում խզումներ առաջացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենալ… մենք շատ լուրջ ենք տրամադրված և շատ անկեղծ ենք, երբ ասում ենք, որ պետք է հոգ տանենք, խնամենք խաղաղությունը, և էստեղ ամենակարևորը էդ խոսույթը չսրելն է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

