Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Լուրեր

27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
Բոլորը

«Ռոսկոսմոսի» հայկական ծագմամբ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը ոչ շուտ, քան 2027 թվականի գարնանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան՝ NASA-ի և SpaceX-ի Crew-14 առաքելության շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը (NASA)։

Սա Կիվիրյանի առաջին թռիչքն է Միջազգային տիեզերակայան։ Երկարատև գիտական առաքելության շրջանակում նրան կմիանա ևս երեք տիեզերագնաց՝ երկու տարբեր տիեզերական գործակալություններից։

«NASA-ի տիեզերագնացներ Քայլա Բարոնը և Քրիս Բիրչը համապատասխանաբար կլինեն տիեզերանավի հրամանատարը և օդաչուն։ Նրանց կմիանան Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) տիեզերագնաց Մակոտո Սուվան և «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը՝ որպես առաքելության մասնագետներ։ Միջազգային տիեզերակայան հասնելուց հետո Crew-14-ի անձնակազմը կմիանա 75-րդ և 76-րդ արշավախմբերի անձնակազմերին», – հայտնում է NASA-ն։

Այս առաքելությունը կլինի SpaceX-ի հետ համատեղ իրականացվող կոմերցիոն անձնակազմի 14-րդ ռոտացիան՝ Երկրի ցածր ուղեծրի NASA-ի ծրագրի շրջանակում։ Անձնակազմը կիրականացնի գիտական հետազոտություններ և կփորձարկի տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն նախապատրաստվել Լուսնի և Մարսի ապագա հետազոտական առաքելություններին։

Քայլա Բարոնի համար սա կլինի Միջազգային տիեզերակայան երկրորդ առաքելությունը։ Նա NASA-ի տիեզերագնաց է 2017 թվականից։ Բարոնը համակարգային ճարտարագիտության բակալավրի աստիճան է ստացել Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում, ապա՝ միջուկային ճարտարագիտության մագիստրոսի աստիճան՝ Անգլիայի Քեմբրիջի համալսարանում։

Բարոնը ԱՄՆ ռազմածովային ուժերում ունի հրամանատարի կոչում, որակավորված սուզանավային սպա է և երեք անգամ ծառայել է USS Maine սուզանավում։ Նա առաջին անգամ տիեզերակայան է մեկնել 2021 թվականին՝ որպես NASA-ի և SpaceX-ի Crew-3 առաքելության անդամ։ Ընդհանուր առմամբ նա 177 օր է անցկացրել տիեզերքում՝ մասնակցելով տիեզերակայան տանող 66-րդ և 67-րդ արշավախմբերին։ Բարոնը կատարել է երկու տիեզերական զբոսանք, ինչպես նաև մեկ այլ տիեզերական զբոսանքի ժամանակ ծառայել է որպես ռոբոտացված համակարգերի գլխավոր օպերատոր։ Վերջերս նա աշխատել է NASA-ի «Արտեմիս» ծրագրի համար նոր տեխնոլոգիաների և գործառնական հայեցակարգերի մշակման ուղղությամբ։

Քրիս Բիրչը NASA-ի տիեզերագնացների կորպուսում ընդգրկվել է 2021 թվականին։ Նա ավարտել է Թուսոնի Արիզոնայի համալսարանը՝ մաթեմատիկայի, կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաֆիզիկայի մասնագիտություններով։ Այնուհետև կենսաինժեներիայի դոկտորի աստիճան է ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Ավելի ուշ դասավանդել է կենսաինժեներիա Ռիվերսայդի Կալիֆոռնիայի համալսարանում, ինչպես նաև գիտական աշխատանք և հաղորդակցություն՝ Փասադենայի Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։

Բիրչը մրցել է ԱՄՆ հեծանվավազքի ազգային հավաքականի կազմում և ընդգրկվել է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ԱՄՆ-ի ընդլայնված կազմի մեջ։ Նա ծառայել է որպես անձնակազմի հաղորդակցող՝ աջակցելով տիեզերագնացներին տիեզերակայանում և «Արտեմիս II» առաքելության ընթացքում։ Բիրչը եղել է 72-րդ արշավախմբի անձնակազմի ղեկավար՝ կապ պահպանելով առաքելության կառավարման թիմերի հետ և օգնելով համակարգել անձնակազմի ամենօրյա աշխատանքը։ Մասնակցել է նաև «Արտեմիս II» առաքելության նախապատրաստմանն ու իրականացմանը։ Սա կլինի նրա առաջինը թռիչքը տիեզերք։

Crew-14 առաքելությունն առաջինն է նաև Մակոտո Սուվայի համար։ Մինչև 2023 թվականին JAXA-ի կողմից տիեզերագնացի թեկնածու ընտրվելը Սուվան շուրջ մեկ տասնամյակ աշխատել է Համաշխարհային բանկի խմբում։ Նախկինում նա որպես կամավոր է աշխատել Ռուանդայում՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում, ապա միացել է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը։

Սուվան ունի երկրագիտության դոկտորի աստիճան Փրինսթոնի համալսարանում։ 2024 թվականին նա ավարտել է տիեզերագնացի որակավորում ստանալու համար անհրաժեշտ հիմնական ուսուցումը։

Հարություն Կիվիրյանը 2010 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի անվան ռազմական դպրոցը, այնուհետև սովորել Բալթյան պետական տեխնիկական համալսարանում։ 2015 թվականին նա ստացել է հրթիռային ինժեների գիտական աստիճան, ինչպես նաև անցել է համակարգչային կառավարմամբ հաստոցների շահագործման ուսուցում։

2021 թվականին Կիվիրյանն ընդգրկվել է Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների ուսումնական կենտրոնի տիեզերագնացների կորպուսում։ 2023 թվականից նա ծառայել է որպես փորձարկող տիեզերագնաց։

Ավելի քան 25 տարի մարդիկ անընդհատ ապրել և աշխատել են Միջազգային տիեզերակայանում՝ ընդլայնելով գիտական գիտելիքները և կատարելով այնպիսի հետազոտություններ ու հայտնագործություններ, որոնք հնարավոր չէր իրականացնել Երկրի վրա։

Տիեզերակայանն օգնում է NASA-ին հասկանալ և հաղթահարել մարդու՝ տիեզերք թռիչքի հետ կապված մարտահրավերները, ընդլայնել Երկրի ցածր ուղեծրում առևտրային գործունեության հնարավորությունները և հիմք ստեղծել Լուսին երկարաժամկետ առաքելությունների համար՝ «Արտեմիս» ծրագրի շրջանակում, ինչպես նաև Մարս ապագա առաքելությունների համար։