Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատության մեջ հայտնվի ոչ թե Պուտինի ընկերը լինելու պատճառով, այլ որովհետև ապօրինություն չի գործել․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.09.2026 | 19:00Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի դեմ իրականացվող իրավական գործընթացներին և գույքի ապօրինի ծագման վերաբերյալ գործերին։ Պատգամավորը վստահեցնում է, որ այս ամենն ունի հստակ քաղաքական և աշխարհաքաղաքական ենթատեքստ։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին՝ Խամոյանը նշեց, որ իշխանությունները նպատակ ունեն ճնշել դիմադրությունը նոր զիջումներից առաջ. «Մենք Նախագահ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի վերաբերյալ շատ հստակ տվել ենք մեր քաղաքական գնահատականը, որ նա քաղաքական հետապնդումների է ենթարկվում, և առաջին անգամ չէ, որ կալանավորվում է… այս ութ տարիների ընթացքում չեն դադարել իր նկատմամբ հետապնդումները»։
Ըստ պատգամավորի՝ սա արվում է նպատակային. «Առավել քան ակնհայտ է, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, այս իշխանությունները փորձում են կոտրել այն դիմադրության առանցքը, օջախը, որը լինելու է իրենց հետագա քայլերին և գործողություններին ի պատասխան… Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն նախորդող ժամանակահատվածի, ինքնախոստովանում է, որ դեռ հանձնելու բան ունի Ադրբեջանին։ Իսկ բավարարել Ալիևի պահանջները առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է։ Այսօր ձեզ համար գաղտնիք չէ, որ Արցախի երկու նախագահներ նստած են Բաքվի բանտում, իսկ մյուս նախագահը նստած է Երևանի բանտում։ Սա կարծում եմ լավագույնս նկարագրում է այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գույքի բռնագանձման գործը կապվում աշխարհաքաղաքականության հետ, Խամոյանն ասաց․ «Այն, որ նախագահ Քոչարյանը մշտապես եղել է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և այդ հարաբերությունների ամրապնդման կողմնակիցը, կարծում եմ այստեղ որևէ նորություն չկա։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ակնհայտորեն բազմաթիվ խնդիրներ է ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում, որոնք ուղիղ իրենց հետեւանքներն են ունենալու մեր բնակչության համար… դա ևս կարծում եմ փաստ է»։
Պատգամավորի համոզմամբ՝ սա նաև ուղերձ է հասարակությանը. «Դուք ուզում եք տպավորություն ստեղծել, որ հասարակության մոտ տպավորություն ձևավորվի, որ ընդդեմ Հայաստանի Հանրապետության էս ընդդիմադիրները սպասարկում են Ռուսաստանի շահերը»։
Անդրադառնալով Սեդրակ Քոչարյանին վերագրվող գույքերի և գումարների գործին՝ Խամոյանն այն աբսուրդ որակեց. «Օրինակ ասում են 2001-ին գույքը գնել են օրինակ 40 միլիոնով, 2021 թվականին վաճառել են… 500 միլիոնով։ Է 20 տարի առաջ հողի, գույքի գինը այլ էր, 20 տարի հետո այլ է… Եվ իրենց ստեղծած հակակոռուպցիոնում գնում է դատերը… Բայց էսպես մի օր որոշել են, որ արդյունավետ չի իրենց հակակոռուպցիոն կոմիտեում քննվող… Ու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովից ասում է՝ գնացեք, փակեք, նստեցրեք, էս արեք, էն արեք, սա է մեր երկրի իրավիճակը։ Ու սա ողբերգություն է։ Էսպիսի խախուռն, անպատասխանատու, սեփական քաղաքացու հանդեպ հարգանք չունենալով դու ո՞նց կարող ես լինել կամ քեզ համարել արդյունավետ ղեկավար»։
Պատգամավորը պնդեց, որ պրոցեսներն ուղիղ հրահանգվում են վարչապետի կողմից. «Սա բացարձակապես քաղաքական հետապնդում է, դա ասել է Նիկոլ Փաշինյանը, դա ես չեմ ասում։ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա արդեն սկսվում է քաղաքական հետապնդումների ժամանակը։ Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ ցուցումներ է տվել իրավապահ ուժային կառույցներին, հաջորդ օրը տեղի են ունեցել գործողությունները»։
Եզրափակելով՝ Խամոյանը նշեց, որ իշխանությունը գործում է քաղաքական վրեժխնդրությամբ և զրկում է մարդկանց աշխատանքից ու սեփականությունից. «Այսօր իրենց քաղաքական վրեժի պատճառով շարքային մարդը զրկված ա աշխատանքից։ Մարդը ում զբաղեցնում ա Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը… ի պաշտոնե ինքը պարտավոր ա, իրա պարտականությունն ա… պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը ու իրավունքները։ Բայց էդ շահերը ու իրավունքները ոտնատակ ա տվել իր քաղաքական էդ վրեժը հագեցնելու համար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

