Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան դայակն ազատվել է աշխատանքից՝ հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո։ Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանի խոսքով՝ դեպքը մանկատան տնօրինությունը նկատել է և անմիջապես հաղորդում ներկայացրել իրավապահներին, իսկ երեխայի առողջական վիճակը ներկայում լավ է։
«Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում։ Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը:
Հստակ է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող որևէ հաստատությունում նման դեպքերը մեզ համար կարմիր գիծ են, բռնության որևէ դեպք չի հանդուրժվելու և արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- նշել է նա։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ դայակը հարվածներ է հասցրել երեխային, իսկ վերջինիս հատակին ընկնելուց հետո շարունակել է փայտով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարի շրջանում։