Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.09.2026 | 12:01Ազգային ժողովում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ թեժ քննարկում տեղի ունեցավ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի և ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանի միջև։
Նազելի Բաղդասարյանն ամբիոնից ընթերցեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրա մերձավորներից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում պահանջվող անշարժ գույքերի, հողամասերի, բիզնես կենտրոնի և բաժնեմասերի երկարաշունչ ցանկը՝ ընդգծելով, որ Մխիթարյանը եղել է Ղուկասյանի պաշտպանը։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման մասշտաբի ապօրինությունների պայմաններում քաղաքը կարող էր արդյունավետ զարգանալ։
Ի պատասխան՝ Ռուբեն Մխիթարյանը հակադարձեց՝ հիշեցնելով անմեղության կանխավարկածի մասին և հարց բարձրացնելով Բաղդասարյանների ընտանիքի հետ կապվող «Ցայգ» հեռուստաընկերության գույքի օրինականության վերաբերյալ։
«Ինձ թվաց՝ այդ գույքերի ցանկի մեջ խոսելու եք «Ցայգ» հեռուստաընկերության մասին։ Խնդրում եմ նաև ներկայացնել, թե հրապարակում գտնվող այդ հատվածը ի՞նչ ճանապարհով և ո՞ւմ է անցել»,- ասաց Մխիթարյանը։
Արձագանքելով՝ Նազելի Բաղդասարյանը պահանջեց, որ Մխիթարյանն անձամբ հաղորդում ներկայացնի դատախազություն՝ վստահեցնելով, որ հակառակ դեպքում նա կդատվի սուտ մատնության համար, քանի որ «Ցայգ»-ի ձեռքբերման բոլոր փաստաթղթերն օրինական են։
Ռուբեն Մխիթարյանը նշեց, որ Բաղդասարյանը տեղյակ չէ «սուտ մատնություն» հասկացության իրավական նշանակությունից, իսկ իրավական գործընթացներ սկսելը բացառապես իրենց իրավասությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

