ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.09.2026 | 16:07Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և ՌԴ սահմանապահ զորքերը Հայաստանի անվտանգային համակարգի բաղկացուցիչ մասն են։ Դրանց դուրսբերումը՝ առանց համարժեք փոխարինման, լուրջ սպառնալիքներ կստեղծի երկրի տարածքային ամբողջականության համար։ Factor TV-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Անդրադառնալով իր քաղաքական ղեկավար Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե ռազմաբազայի դուրսբերմամբ Հայաստանը «անտեր» է մնալու՝ Ղազարյանն ընդգծեց, որ ցանկացած պետության անվտանգության հիմքը սեփական զինված ուժերն են, սակայն դրան զուգահեռ գոյություն ունեն այլ կարևոր բաղադրիչներ, այդ թվում՝ միջազգային ու երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը։
«Ռուսական ռազմաբազան և սահմանապահ զորքերը տեղակայված են երկկողմ պայմանագրերի հիման վրա։ Մեր զինված ուժերն ու ռուսական ստորաբաժանումներն ունեն գործողությունների հստակ սինխրոնացված պլան թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական դրության պայմաններում»,-ասաց նա։
Էդգար Ղազարյանի գնահատմամբ՝ Թուրքիայից սպառնացող ռազմական ագրեսիայի վտանգը դեռևս պահպանվում է։ 102-րդ ռազմաբազան, հանդիսանալով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մաս, հնարավոր հարձակման դեպքում ունի դիմադրություն ցույց տալու և ՌԴ-ից լրացուցիչ ռազմական աջակցություն ստանալու մարտական խնդիր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

