Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.09.2026 | 11:11Ազգային ժողովի նիստում մտքերի փոխանակության ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կրկին անդրադարձավ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի պաշտոնավարմանը՝ պնդելով, որ վերջինս չի համապատասխանում զբաղեցրած դիրքին և պետք է հրաժարական ներկայացնի։
Պատգամավորը նախ արձագանքեց Ռուբինյանի նախորդ ելույթին, որտեղ նա իր հարցադրումն անվանել էր «տափակ հումոր»։
«Ես երբ որ հարցադրումներ էի անում, դա անում էի ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ։ Մինչև հիմա պարոն Ռուբինյանից ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ նա հումորի զգացողություն ունի և կարող է հումոր ընկալել։ Իմ հարցադրումները բովանդակային են և խիստ, որովհետև այս մեկ ամսվա աշխատանքը ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին»,- ասաց Ղազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ ԱԺ ղեկավարությանը չի հաջողվում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան կազմակերպել խորհրդարանի աշխատանքները, ինչը հանգեցնում է «եթե ոչ տապալման, ապա գոնե ձախողումների»։ Որպես օրինակ՝ նա մատնանշեց մշտական հանձնաժողովների կազմավորման և նիստերի ժամանակացույցի հետ կապված ձգձգումները, ինչպես նաև այն, որ շրջանառության մեջ դրված որոշ նախագծեր ժամանակին չեն ներառվել օրակարգում։
«Ձախողումներն ակնհայտ են, և ես ակնկալում եմ, որ Ազգային ժողովի նախագահն այս նստաշրջանի ընթացքում հրաժարական կներկայացնի»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։
Ելույթից հետո նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմադիր գործընկերոջը։
««Ուժեղ Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին հորդորում եմ պարոն Ղազարյանին սովորեցնել, թե ինչպես է պետք մեկնաբանել Կանոնակարգ օրենքը։ Օրինակ, ես կարծում եմ, որ նա մի փոքր ոգևորվել է այն բանից հետո, երբ ես նրան անվանեցի «Ուժեղ Հայաստանի» լավագույն իրավաբան։ Իմ գնահատականը ուժի մեջ է, բայց ամեն դեպքում գործընկերներին հորդորում եմ նրան բացատրել, թե ինչպես է պետք կարդալ և մեկնաբանել Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքը»,- նշեց ԱԺ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

