Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
Հասարակություն
11.09.2026 | 22:15
Հայաստանում ընթացիկ տարվա նոյեմբերից կմեկնարկի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը: Այս համակարգի ներդրումը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող քայլ, որի վերաբերյալ առաջիկա շաբաթներին քաղաքացիներին կներկայացվեն մանրամասն պարզաբանումներ: Այս մասին Ներքին գործերի նախարարության տարածած տեսանյութում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Նոր կենսաչափական փաստաթուղթը պարզապես անձնագիր չէ, այլ սահմանի վրա անձի թվային նույնացումն ապահովող ժամանակակից միջոց: Նույնացումն ապահովվելու է անձնագրում տեղադրված անտեսանելի նոր սերնդի չիպով, որը լինելու է փոխճանաչելի ամբողջ աշխարհում:
Ներկայումս գործող՝ առանց էլեկտրոնային կրիչի կամ հին նմուշի կրիչով անձնագրերը եվրոպացի սահմանապահները ստիպված են լինում ստուգել ու հետազոտել ձեռքով, ինչի պատճառով կեղծիքների հավանականությունը համեմատաբար մեծ է: Կենսաչափական անձնագրերի ներդրմամբ ստուգման գործընթացը կտևի ընդամենը վայրկյաններ, իսկ կեղծիքների հնարավորությունը կհասցվի մոտ զրոյի»,-նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։

