ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել

Լուրեր

10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
Բոլորը

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և պահանջել վարույթ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով։

Ըստ նրա՝ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչող հանրային խոսույթն ու ձևակերպումները «բացահայտորեն խախտում են օրենքով սահմանված բարեվարքության համակարգը և պաշտոնատար անձանց էթիկայի նորմերը»։ Բաբայանը նշել է, որ նշված պարտավորությունները կոպտորեն խախտվել են հետևյալ առանցքային 11 դրվագներով և արտահայտություններով.

1․  Հոգևոր արժեքների թիրախավորում․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցված «պիղծ» որակումը, ինչը վիրավորում է քրիստոնյա հավատացյալների զգացմունքները և խախտում է կրոնական չեզոքության պահանջը։

2․ Իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում․ «Դատավոր չկա, որ ասածս չանի» հրապարակային պնդումը, որն ուղղակիորեն հարվածում է դատական համակարգի անկախությանը և ժողովրդավարական ինստիտուտների հեղինակությանը։

3․ Վիրավորական բառապաշարի կիրառում․ Հանրային հարթակներում ընդդիմախոսների կամ քաղաքացիների հասցեին «շուն ու շանգյալ» և նմանատիպ այլ փողոցային ձևակերպումների օգտագործումը, ինչն ակնհայտորեն անհամատեղելի է բարձրաստիճան պաշտոնյայի էթիկայի հետ։

4․ Անհիմն և «աչքաչափով» գնահատականներ․ Կոռուպցիայի և կաշառակերության տոկոսային ցուցանիշների կամայական հնչեցումը (70% կամ 100%), առանց պաշտոնական կամ հաստատված փաստացի տվյալների։

5․ Հանրային վստահության դեգրադացիա․ Պետական բարձրագույն ամբիոնից հնչող սպառնալիքների և պառակտող հռետորաբանության կիրառումը, որը նպաստում է հանրության մեջ անհանդուրժողականության տարածմանը։

6․ Ասֆալտին փռելու և պատերին տալու սպառնալիքներ․ Իրավական ընթացակարգերից դուրս, ուժային հարկադրանքի անձնավորված և պատժիչ հրապարակային հրահանգները։

7․ «Վնգստացող դատավորներ» որակումը․ Դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվության նվաստացումը և համակարգային վարկաբեկումը։

8․ Քաղաքական հայացքների համար քաղաքացիներին «ծնկի բերելու» հայտարարություններ․ Հանրային ծառայողին ոչ հարիր, ուժի և հրամանի դիրքերից խոսելու մշակույթի արմատավորումը։

9․ «Ծագումով հայեր» ձևակերպմամբ հայրենակիցների տարանջատումը․ Ազգային միասնության սկզբունքի խախտումը և հանրության արհեստական բաժանումը։

10․ Սեփական թիմի նկատմամբ կանխակալ և արտոնյալ մոտեցումների դրսևորումը․ Բարեվարքության հավասարության սկզբունքի խախտումը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

11․ Բարեվարքության և պետական այրի կերպարի նսեմացում․ Հանրային խոսույթում մարգինալ, հեգնական և ագրեսիվ տոնայնության պահպանումը, որը տապալում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի օրինակելիության պարտականությունը։

ԿԿՀ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին «պիղծ» բնորոշման կիրառման մեջ չի տեսել վարույթ հարուցելու հիմք՝ արձանագրելով, որ արտահայտությունը չի հատել խոսքի ազատության իրավաչափ սահմանները։

Հանձնաժողովն իր որոշման մեջ նախ անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին՝ ընդգծելով, որ քաղաքական խոսքն օգտվում է պաշտպանության հատկապես լայն շրջանակից։ Ըստ ԿԿՀ-ի՝ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելի են նաև սուր, չափազանցված կամ անհանգստացնող ձևակերպումներ։

«Քաղաքական բանավեճի շրջանակներում, տվյալ դեպքում՝ խորհրդարանական ամբիոնից հնչող քաղաքական խոսքին հատուկ է չափազանցությունների, ընդհանրական դատողությունների, անգամ ցնցող, ապշեցնող արտահայտությունների կիրառումը»,- նշվում է որոշման մեջ։

Հանձնաժողովը հիշեցրել է նաև ՄԻԵԴ-ի դիրքորոշումը, ըստ որի՝ արտահայտման ազատությունը վերաբերում է ոչ միայն բարենպաստ կամ անվնաս ընկալվող խոսքին, այլև այնպիսի արտահայտություններին, որոնք կարող են «վիրավորել, ապշեցնել կամ անհանգստացնել»։

ԿԿՀ-ն առանձնահատուկ կարևորություն է տվել այն հանգամանքին, որ Փաշինյանի խոսքը հնչել է Ազգային ժողովում՝ կառավարության հնգամյա ծրագրի ներկայացման շրջանակում և պատգամավոր Սևակ Խաչատրյանի հարցադրմանն ու արձագանքին ի պատասխան։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ խոսքը վերաբերել է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի և պետք է դիտարկել ամբողջ քաղաքական բանավեճի համատեքստում։

Որոշման մեջ ԿԿՀ-ն անդրադարձել է նաև Փաշինյանի օգտագործած «պիղծ» բառի իմաստին։ Հանձնաժողովը մեջբերել է Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը», ըստ որի՝ բառը հիմնական իմաստով նշանակում է «կեղտոտ, անմաքուր, ապականված», իսկ կրոնական իմաստով՝ «անճիշտ, մոլար, կրոնական տեսակետից՝ անթույլատրելի, անսուրբ»։

ԿԿՀ-ի գնահատմամբ՝ Փաշինյանի՝ «պիղծ ա ձեր Վեհափառը» ձևակերպման մեջ բառը կիրառվել է ոչ թե հավատքի կամ կրոնական խմբի դեմ, այլ կոնկրետ հոգևորականի ենթադրյալ վարքագծի գնահատման համատեքստում։

«Ն. Փաշինյանի խոսքի առաջնային նպատակը եղել է ոչ թե անձի, այլ կոնկրետ երևույթի՝ կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտման հանգամանքը քննադատելը»,- արձանագրել է Հանձնաժողովը։

ԿԿՀ-ն ընդգծել է նաև, որ չի գնահատել Փաշինյանի կողմից ներկայացված փաստական պնդումների ճշմարտացիությունը կամ իրավաչափությունը։

«Հանձնաժողովը չի գնահատում փաստական հանգամանքների իրավաչափությունը, այլ բացառապես քննարկում է տվյալ իրավիճակում վարչապետի գործածած արտահայտությունների՝ խոսքի իրավաչափության հարցը»,- ասվում է որոշման մեջ։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ «պիղծ» բառը, թեև ունի բացասական երանգ, չի հասել հայհոյանքի կամ գռեհկաբանության մակարդակի․ «Կիրառված արտահայտությունը, չնայած բացասական նրբերանգին, չի հատել գռեհկաբանություն կամ հայհոյախոսություն լինելու սահմանը»։

ԿԿՀ-ն նաև արձանագրել է, որ Փաշինյանի խոսքում չեն եղել բռնության կոչեր, սպառնալիքներ կամ ատելության ու թշնամանքի հրահրում։ Միաժամանակ հանձնաժողովը քննարկել է՝ արդյոք արտահայտությունը կարող էր դիտվել որպես զուտ վիրավորանք։ Ըստ որոշման՝ խոսքի «առաջնային և միակ նպատակը վիրավորելը չէ», այլ այն «առավելապես քննադատական բնույթ է կրել, ինչը բնորոշ է քաղաքական բանավեճին և քաղաքական խոսքին»։

Որպես լրացուցիչ հիմնավորում՝ ԿԿՀ-ն վկայակոչել է նաև ՄԻԵԴ-ի Klein v. Slovakia գործը, որում դատարանը տարբերակել էր կոնկրետ եկեղեցական պաշտոնյայի հասցեին հնչեցված կոշտ քննադատությունը կրոնական խմբի կամ հավատքի դեմ ուղղված խոսքից։ Հանձնաժողովը դրանից եզրակացրել է, որ հոգևորականի անձնական վարքագծին կամ հրապարակային գործունեությանը վերաբերող սուր քննադատությունը ինքնաբերաբար չի նշանակում կրոնական զգացմունքների վիրավորանք։

Արդյունքում ԿԿՀ-ն գտել է, որ առկա չեն համապատասխան կանոնների առերևույթ խախտման հատկանիշներ, վարույթի հարուցումը մերժվել է։

Եվգենյա Համբարձումյան