ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
Նկարը գեներացված է ԱԲ-ով։
Եվրամիությունը միջոցներ է ձեռնարկում կարճաժամկետ վարձակալությունը «սանձելու» համար։ Զբոսաշրջային հայտնի ուղղություններով կարճաժամկետ վարձակալությունները (օրինակ՝ Airbnb հարթակի միջոցով) կարող են կազմել ԵՄ բնակարանային ֆոնդի մինչև 20%-ը, ինչը ազդում է տվյալ տարածքներում բնակարանների գների և երկարաժամկետ վարձավճարների վրա։
Եվրոպական հանձնաժողովն սեպտեմբերի 9-ին ներկայացրել է «Մատչելի բնակարանների մասին ակտը» (Affordable Housing Act)։ Օրինագիծը սահմանում է միասնական իրավական շրջանակ, որը թույլ կտա անդամ պետությունների իրավասու մարմիններին ավելի համակարգված ու իրավական որոշակիությամբ արձագանքել բնակարանային մատչելիության և հասանելիության խնդիրներին։
«Կարճաժամկետ վարձակալությունը՝ որպես հիմնական գաղափար, լավ բան է, և մենք բնավ դեմ չենք կարճաժամկետ վարձակալությանը՝ որպես այդպիսին։ Որոշ մարդկանց համար այն հիանալի հնարավորություն է ճանապարհորդելու և այցելելու երկրներ, որտեղ նախկինում չեն եղել։ Մյուսների համար այն եկամտի ողջունելի աղբյուր է։ Սակայն մենք տեսնում ենք քաղաքային տարածքներ, որտեղ կարճաժամկետ վարձակալությունների աճը հանգեցրել է նրան, որ սովորական մարդիկ դուրս են մղվում իրենց բնակարաններից, իսկ գները բարձրանում են անընդունելի մակարդակի»,- Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էներգետիկայի ու բնակարանային հարցերով Եվրահանձնակատար Դան Յորգենսենը։
Ըստ հանձնակատարի՝ անշարժ գույքի շուկայում գնային փոփոխությունները բավականին մտահոգիչ են․ նախորդ 10 տարիների ընթացքում վարձավճարները Բեռլինում աճել են 59%-ով, Մադրիդում՝ 75%-ով, Լիսաբոնում՝ 103%-ով։
Յորգենսենի խոսքով՝ քաղաքներում բնակվող եվրոպացի քաղաքացիների 51%-ը մատչելի բնակարանների պակասը համարում է լուրջ և անհետաձգելի խնդիր։ Ճգնաժամի պատճառով երիտասարդները չեն կարողանում ծնողներից առանձին ապրել, ուշացնում են ընտանիք կազմելը կամ հրաժարվում են անհրաժեշտ աշխատանքից ու կրթությունից։
«Բնակարանը կամ տունը չպետք է առաջին հերթին ընկալվի որպես շուկայում վաճառվող ապրանք։ Տուն ունենալը մարդու իրավունք է։ Այն մարդկանց կյանքում ապահովում է անվտանգություն, պաշտպանվածություն և արժանապատվություն։ Իսկ եթե մարդը տուն չունի, հետևանքները, ակնհայտորեն, կարող են շատ ծանր լինել»,- ասաց նա։
Ինչ է առաջարկում Եվրահանձնաժողովը տեղական իշխանություններին
«Մատչելի բնակարանների մասին ակտի» առաջարկը չի սահմանում ընդհանուր արգելքներ, քանի որ «մեկ չափսը բոլորին չի համապատասխանում»։ Փոխարենը, այն անդամ պետություններին և տեղական իշխանություններին տալիս է իրավական գործիքակազմ՝ ներքին շուկայի կանոններին համապատասխան գործելու համար։
«Առաջին անգամ Եվրոպայում մենք սահմանում ենք տեխնիկական չափանիշներ՝ որոշելու, թե ինչն է համարվում «բնակարանային սթրեսի տակ գտնվող տարածք»։ Սա քաղաքապետերին կապահովի իրավական որոշակիությամբ և գործիքներով՝ ձեռնարկելու այնպիսի միջոցներ, որոնք կարող են լինել հիմնավորված, անհրաժեշտ և համաչափ»,- ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական հանձնաժողովի՝ մաքուր, արդար և մրցունակ անցման գծով գործադիր փոխնախագահ Տերեսա Ռիբերան։
Ըստ առաջարկի՝ տեղական մարմինները կարող են տարածքը համարել բնակարանային սթրեսի տակ գտնվող գոտի, եթե բնակարանի միջին գործարքային գնի և տվյալ տարածքի բնակչության միջին տնօրինվող եկամտի հարաբերակցությունը (price-to-income ratio) հավասար է կամ գերազանցում է 8-ը, և այդ հարաբերակցությունն աճել է վերջին 10 տարում։
Սակայն միայն այս երկու չափանիշը բավարար չէ. իրավասու մարմինը պետք է նաև ցույց տա բնակարանային ճնշման առնվազն մեկ աղբյուր՝ օրինակ բնակչության աճ, առաջարկի և պահանջարկի միջև ճեղքի մեծացում կամ կարճաժամկետ վարձակալությունների ազդեցություն։
Սահմանափակումները չեն վերաբերում ավտոմատ կերպով բոլոր կարճաժամկետ վարձակալություններին։ Միջոցառումները պետք է ուղղված լինեն հատկապես այն գործունեությանը, որը բնակարանները դուրս է բերում երկարաժամկետ օգտագործման ֆոնդից, մասնավորապես եթե դրա ծավալը, հաճախականությունը կամ առևտրային բնույթը խորացնում են «բնակարանային սթրեսը»։
Տեղական իշխանությունները պետք է ապացուցեն, որ կարճաժամկետ վարձակալությունը առնվազն երեք տարի էական բացասական ազդեցություն է ունեցել բնակարանային մատչելիության կամ հասանելիության վրա, և որ ավելի մեղմ միջոցները նույնքան արդյունավետ չէին լինի։
Թույլատրվում է միջոցներ ձեռնարկել երկար ժամանակ դատարկ մնացած (vacancy) բնակարանների վերաբերյալ, սակայն հստակ բացառություններ են սահմանվում, եթե դատարկ լինելը հիմնավորված է (օրինակ՝ ուսման, բուժման, գործուղման կամ ժառանգության գործընթացի պատճառով):
Ցանկացած սահմանափակող միջոցառում կարող է ընդունվել առավելագույնը հինգ տարի ժամկետով և ենթակա է պարբերական վերանայման։ Ժամկետի ավարտից հետո տեղական իշխանությունները պետք է թարմ տվյալներով հիմնավորեն, որ բնակարանային ճնշումը պահպանվում է, հակառակ դեպքում միջոցառումը չի կարող շարունակվել։
Կանոնակարգի առաջարկը հստակ արձանագրում է, որ միայն սահմանափակումներով հարցը չի լուծվի։ Բնակարանային ճգնաժամի հաղթահարման համար պահանջվում են նաև բնակարանների առաջարկի ավելացման միջոցներ, այդ թվում՝ նոր շինարարություն, դատարկ բնակարանների ավելի արդյունավետ օգտագործում, սոցիալական բնակարանաշինության զարգացում և թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցում։
Նախագիծը մինչ ուժի մեջ մտնելը դեռ կքննարկվի Եվրոպական խորհրդարանում և Եվրոպական միության խորհրդում։
Կարինե Ասատրյան
Բրյուսել

