Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.09.2026 | 12:33
Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ նախօրեին հազարավոր ցուցարարներ են հավաքվել՝ բողոքելու աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության դեմ, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կուսակցությունը տարածաշրջանային ընտրություններում պատմական հաջողության է հասել։
Բեռլինի ոստիկանության հաշվարկով՝ հանրահավաքի սկսվելուց մեկ ժամ անց մասնակիցների թիվը եղել է 5000, մինչդեռ համակազմակերպիչ Campact-ը հայտնել է 14,000 ցուցարարի մասին, գրում է France 24-ը։
2025 թվականի սկզբին AfD-ի դեմ բողոքի ցույցերի նախորդ ալիքին հարյուր հազարավոր ցուցարարներ էին մասնակցել։
AfD-ն Գերմանիայի խորհրդարանի երկրորդ խոշորագույն խմբաակցությունն է և ամիսներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում համազգային հարցումների արդյունքներում։ Կիրակի օրը կայացած տարածաշրջանային ընտրություններում այն ծանր պարտության է մատնել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի CDU կուսակցությանը և Արևելյան Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ստացել ձայների գրեթե 44 տոկոսը։ Տնտեսական դժվարություններ ունեցող այս տարածաշրջանում բնակվում է մոտ 2,1 միլիոն մարդ։
AfD-ի հաղթանակը երկրում դիտարկվում է որպես քաղաքական երկրաշարժ, որով աջ ծայրահեղական կուսակցությունը նացիստական ժամանակաշրջանից ի վեր առաջին անգամ կարող է ստանձնել երկրամասի կառավարումը։
Երկուշաբթի Մերցը հայտարարել էր, որ քվեարկության արդյունքից «խորապես ցնցված» է, սակայն խոստացել շարունակել բարեփոխումների ծրագիրը։ Սեպտեմբերի 20-ին նախատեսվում է ևս երկու երկրամասային ընտրություն՝ Բեռլինում և արևելյան Մեկլենբուրգ-Պոմերանիայում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

