Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
27.08.2026 | 15:24Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի դեմ առկա գործերի ու նրանց ունեցվածքի վերաբերյալ տեղեկությունները տարիներ շարունակ հայտնի են եղել իրավապահ համակարգին, սակայն դրանց վերաբերյալ անհրաժեշտ գործողություններ չեն իրականացվել։
«Էս փաստերի հետ ութ տարի, լավ հլը չեմ ասում 17-18 տարի, էս փաստերի հետ Հայաստանի իրավապահ մարմինները ո՞նց են առնչվել։ Օրինակ՝ էն քննիչները, էն դատախազները, էն օպերատիվ աշխատողները։ Էս փաստերի մասին իմացել են չէ՞, ո՞նց են արձագանքել իրենք։ Օրինակ՝ իմացել են, որ «Տոյոտա Երևան» ընկերությունում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 30 տոկոս բաժնեմաս ունի, հողի հետ կապված խնդիր ունի: Օրինակ՝ իմացել են, որ «Օրանժ ֆիթնեսը» Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն ա: Օրինակ՝ իմացել են, որ Պարոնյան 8 հասցեի շենքը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն ա: Օրինակ՝ իմացել են, որ «Փլեյ Սիթին» Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն ա և էլի բազմաթիվ բաներ: Մենք պետական ստանդարտ պետք է սահմանենք և նաև ժողովրդավարության ստանդարտ սահմանենք»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ անգամ եթե նախկինում իրավապահները չեն իմացել այդ հանգամանքների մասին, 2018 թվականից հետո դրանք բազմիցս հրապարակվել են մամուլում, և պետք է պատասխան տրվի այն հարցին, թե ինչ գործողություններ են ձեռնարկվել։
«Ինչի՞ չեն քննվել։ Կամ որ էդ քրեական գործերը հարուցվել են, ես զանգե՞լ եմ, ասել եմ՝ գործ հարուցեք, կամ որ չեն քննվել, ես զանգե՞լ եմ, ասել եմ՝ էդ գործը մի քննեք։ Էս հարցերին պետք է տրվեն պատասխաններ»,- հայտարարեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ եթե այդ հարցերին պատասխաններ չտրվեն, ինքն ունի դրանց քաղաքական պատասխանը։
«Որովհետև քոչարյանա-սերժական մաֆիան իրա շոշափուկներն ունեցել ա և դեռևս ունի Հայաստանի դատաիրավական համակարգում»,- ասաց նա։
Փաշինյանը համեմատեց նախկին իշխանությունների և իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հրապարակումները՝ լրագրողներին առաջարկելով դիմել իրավապահներին և պարզել, թե որտեղ են իր, իր ընտանիքի ենթադրյալ հյուրանոցները, հանգստյան տները, բազմաբնակարան շենքերն ու միլիարդները։
«Հիմա ասեք՝ ո՞րն ա իմ հյուրանոցը։ Ո՞րն ա իմ հանգստյան տունը։ Ո՞րն ա իմ բազմաբնակարան շենքը։ Ո՞ւր են իմ միլիարդները։ Որտե՞ղ են դրանք պահվում։ Եվ դիմեք իրավապահ մարմիններին»,- հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ իր ձևակերպած քաղաքական խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով և օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերվածը պետք է վերադարձվի պետությանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփի Հակոբյան

