Երկաթուղին մեր սեփականությունն է, կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.08.2026 | 17:32Խորհրդարանում Կառավարության 2026-2031 թթ․-ի ծրագրի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարց բարձրացրեց երկաթուղային ենթակառուցվածքների, կոնցեսիոն կառավարման հնարավոր փոփոխությունների և տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի տնտեսական հաշվարկների վերաբերյալ։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր կձեռնարկի Հայաստանը, եթե ռուսական կողմը մերժի կոնցեսիոն կառավարումը վերանայելու առաջարկը։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկաթուղին Հայաստանի Հանրապետության անքակտելի սեփականությունն է, և երկիրն այն տնօրինելու է իր շահերին համապատասխան։
«Հայաստանի Հանրապետության երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Սեփականությունը նշանակում է, որ մենք կարող ենք դա տնօրինել այնպես, ինչպես մենք ուզում ենք։ Մենք հիմա ասել ենք, թե ինչպես ենք ուզում տնօրինել, և կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք առաջարկում ենք բարեկամական լուծում և պետք է հասնենք լուծման։ Եթե պարզվի, որ չկա ոչ մի տարբերակ, մենք կգնանք իրավական ճանապարհով։ Մենք մեր պատմական հնարավորությունը հանուն ինչի՞ պետք է զոհաբերենք»,- ընդգծեց վարչապետը։
Անդրադառնալով նախագծերի տնտեսական հաշվարկներին և հայկական շահին՝ Փաշինյանը նշեց, որ տեխնիկատնտեսական հաշվարկները երկարատև գործընթաց են, իսկ գլխավոր նպատակը այլընտրանքային ուղիների ստեղծումն է։
«Մեր ժողովրդի շահն այն է, որ «Վերին Լարս» ասելիս խանդաղատանքի դոզան մի քիչ իջնի, ունենանք այլընտրանքներ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

