Պետական վերահսկողության ծառայության պետը՝ նվեր ստացած ջիփի և 70 հազար դոլարի մարած վարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.12.2018 | 17:47Factor.am-ը զրուցել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ
-Պարոն Սանասարյան, երկար տարիներ «Ժառանգություն» կուսակցության շարքերում էիք, Ձեզ շատերը որպես այդ կուսակցության ակտիվ անդամ են հիշում, ինչո՞ւ որոշեցիք դառնալ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, արդյոք կուսակցական դառնալու խնդիր է դրվել Ձեր առաջ։
-Որևիցե նման խնդիր չի դրվել, դա եղել է իմ որոշումը։ Ես «Ժառանգությունում» շատ կարևոր տարիներ եմ անցկացրել ու իմ քաղաքական դարբնոցն է եղել, ես այդ մասին բազմիցս ասել եմ։ Վերջին երկու տարում հարաբերությունները «Ժառանգության» հետ պասիվացել են, անհամաձայնություն է եղել կապված որոշումների հետ, բայց «Ժառանգությունը» եղել է ու մնում է լուսավոր կետերից մեկը։ «Քաղաքացիական պայմանագրին» էլ անդամակցեցի, որովհետև այդ թիմով մենք հեղափոխության առաջին շարքերում ենք եղել, ժողովրդի հետ պայքարել ենք ու այս յոթ ամիսների ընթացքում էլ քաղաքական թիմ ենք։ Արհեստական էր, որ լինելով թիմի ներսում, չլինեի թիմի քաղաքական կազմակերպության անդամ, և ես որոշեցի, որ միասին շարունակենք։
– «Իմ քայլը» դաշինքին հաճախ մեղադրում են, որ շատ է խոսում ՀՀԿ-ից, քանի որ այլ ասելիք չունի և անգամ ասում են, թե ՀՀԿ-ին քննադատում են, որպեսզի նրանց համար խորհրդարան անցնելու ճանապարհ բացեն։ Ի՞նչ կասեք։
-Ես համամիտ չեմ այդ տեսակետներին, ես ինքս, երբ որ հարց են տալիս նրանց մասին, նրանց անունը տալ չեմ ուզում, ասում եմ, որ իրենց հետ մենք այլ վայրերում հարցեր կունենանք։ Ես հրաժարվել եմ նրանց հետ բանավիճելուց, քանի որ նրանց հետ միայն մեկ տեղ կա գնալու, և դա դատարանն է։
– Դուք հայտարարել եք, որ Պետական վերահսկողության ծառայության բացահայտումների արդյունքում 1 մլն 200 հազար դոլար մուտքագրվել է պետբյուջե։ Պարոն Սասնասարյան ՝ Ձեր թիմակիցները խոսում էին յուրացված միլիարդների մասին, ասում էին՝ որոշ մարդկանց գրպանը թափ տան, այնքան փող կթափվի, որ, օրինակ, Եվրամիության դրամական աջակցության կարիքը չի լինի։ 1,2 միլիոնը՝ հայտարարված միլիարդների ֆոնին, քիչ չէ, կարծում եք լա՞վ եք աշխատել։
– Ես կարծում եմ՝ ՊՎԾ-ն փայլուն աշխատանք է կատարել իր բոլոր աշխատակիցներով։ Ո՛չ, դա քիչ գումար չէ, լինելով նորաստեղծ կառույց, դա քիչ գումար չէ։ Այլ մարմինների մասին չէի ուզենա խոսել, բայց նրանք ևս աշխատում են, դա ակնհայտ է։ Այդ թափ տալու պրոցեսը մենք անում ենք իրավական, օրինական ճանապարհով, մենք հակաօրինական ձևով եթե որոշեինք թափ տալ, ապա ամբողջ հարստությունը այդ ձևով կհայտնվեր պետբյուջեում։ Մենք չենք ուզում այդ ճանապարհով գնալ, մենք եղել ենք ու մնում ենք իրավական, օրինական ճանապարհով ճամփորդ։ Մեզ քննադատում են, որ քիչ է, բայց նշանակվելուց երկու ամիս անց մենք կառույցի կազմավորման աշխատանքներով ենք զբաղված եղել և միայն օգոստոսին ենք ունեցել բյուջե։ Հիմա մենք ձնագնդիկի էֆեկտով առաջ ենք գնում։
-ԵՊՀ-ում ստուգումների արդյունքներն ի՞նչ եղան։
-ԵՊՀ-ում ավարտում ենք, մեզ մեղադրում էին անփորձության մեջ, բայց հրապարակային ներողություն են խնդրելու։
-Այսինքն խախտումներ կայի՞ն։
-Ես ասել եմ, որ մի քանի անգամ ավելի, քան Ագրարային համալսարանում, ես իմ ասածի տերն եմ և առաջիկայում կտեսնենք, թե ինչեր են եղել։
– Մամուլը գրել էր, որ դուք ցանկացել եք ՊՆ-ում, ստուգումներ իրականացնել, բայց Դավիթ Տոնոյանը վարչապետին խնդրել է, որպեսզի ձեզ թույլ չտան այդ քայլին գնալ, ու գրված էր, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ է խառնվել գործին ու Ձեզ խնդրել, որպեսզի ստուգումները կասեցվեն։ Եղե՞լ է նման խոսակցություն, ու, ի վերջո, ՊՆ-ում ստուգումներ կլինե՞ն, թե՞ ոչ։
-Ես հայտարարել էի, որ կսկսենք ՊՆ-ից, քանի որ այն երկրի կարևորագույն հիմնարկներից է, բայց մինչև մենք կազմավորվեցինք, մինչև ունեցանք աշխատակիցներ, իրավապահ մարմինները սկսեցին գործեր հարուցել ՊՆ-ում։ Վարչապետի հետ քննարկեցինք, հասկացանք, որ այս պահին դա անելը սխալ է, որովհետև կստացվի, թե պետական բոլոր հիմնարկները, որոնք ունեն այդ լիազորությունը, ՊՆ-ում ստուգումներ են իրականացնում։ Դրա համար մենք մի քանի ամսով հետաձգեցինք, բայց մեր աշխատանքն անելու ենք։ Արմեն Գրիգորյանը ընդհանրապես չի խառնվել, Դավիթ Տոնոյանը վարչապետին այդ հարցով չի դիմել։
– Պարոն Սանասարյա՛ն, Համայնքերի միության նախագահ Էմիլ Երիցյանն ասել է, որ Ձեր՝ համայնքներ այցելելն անօրինական է, քանի որ համայնքը ինքնակառավարվող մարմին է և Դուք իրավունք չունենք միջամտելու, նրա փոխանցմամբ՝ միայն Դատախազությունն իրավունք ունի ուսումնասիրել չարաշահումները: Նա ասում է, որ սա Ձեր իրավասություններից դուրս է: Արդյո՞ք Ձեր իրվասությունների շրջանակներում կարող եք գնալ գյուղեր, ով է Ձեզ նման լիազորություն տվել և որ օրենքով կամ ակտով են այդ լիազորությունները ամրագրված:
-Չկա նման բան, եթե անօրինական է, մեզ կարող են դատի տալ։
-Տեղեկություններ կան, որ պաշտոնում նշանակվելուց հետո Դուք մարել եք շուրջ 70 հազար դոլարի հիփոթեքային վարկ և նվեր եք ստացել թանկարժեք ավտոմեքենա։
-Ասեմ հետևյալը, ես ոչ միայն վարկ չեմ մարել, այլ ընդհակառակը, մենք նոր վարկ ենք վերցրել, որովհետև շատ այլ խնդիրներ ունենք, դա ուղղակի հերյուրանք է։ Իրավապահ մարմինները լսում են և շատ հեշտ կարող են ստուգել՝ նման բան կա, թե՝ ոչ։ Մեքենայի մասին էլ պիտի ասեմ, որ ես այս պահին ծառայողական մեքենա անգամ չունեմ և տաքսիներից եմ օգտվում, կամ ընկերներս են տեղաշարժման հարցը լուծում։ Նման բան ուղղակի գոյություն չունի։ Որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա չունեմ մեքենա և շատ չեմ դժգոհում դրանից։
Լիլիթ Շաբոյան