«Արամ Հարությունյանի վերցրած 14 միլիոն դոլարը տարբեր գրպաններ է տանելու»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.12.2018 | 20:30
Խորհրդարանն այսօր այդպես էլ քվորում չապահովեց հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորման թույլտվություն տալու հարցով դատախազի միջնորդությունը քննարկելու համար։ Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը մեղադ րվում է գործարար Սիլվա Համբարձումյանից 14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։
«Ես հիմա դադարել եմ շատ բաների վրա զարմանալուց, այդ թվում կաշառքի դրույքաչափերի վրա»,-ասում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը։
Գեւորգ Պետրոսյանը հարգում է անմեղության կանխավարկածը, սակայն այս պատմության մեջ քաղաքական երանգներ չի տեսնում։ Նախընտրական շրջանում, ըստ նրա, դատախազությունը հազիվ թե շոու սարքեր չեղած հանցագործությունից։
«Տեսականորեն կյանքում ոչինչ չի բացառվում, բայց դժվար թե նման ահռելի գումարների հետ կապված քաղաքական հետապնդում լինի։ Քաղաքական հետապնդում որպես կանոն լինում է հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող արարքների կապակցությամբ»,-պարզաբանում է պարոն Պետրոսյանը։
Ալեն Սիմոնյանն ընդհանրապես համաձայն չէ, որ Արամ Հարությունյանի դեմ միջնորդությունը հիմա է խորհրդարան բերվում հենց նախընտրական քարոզչության շրջանակներում։
«Ակնհայտ է, որ դա չէ, որ պետք է մեզ օգնի, որ մենք բավականին ձայներ հավաքենք»,-համոզված է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
Նա անդրադարձավ նաեւ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետին, որ իշխանությունը Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով փորձում է ծածկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը․ «Ես Էդուարդ Շարմազանովին ուզում եմ մի բան հորդորել, որ ինքը կոռեկտ մնա, որովհետեւ, եթե ինքը շարունակի նույն ոճով, անցնի կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձնից։ Համապատասխան պատասխան իր ոճով»։
Ալեն Սիմոնյանը կանխատեսում էր, որ Հանրապետականներն այսօր ամեն գնով կտապալեն խորհրդարանի նիստը եւ չեն հանձնի իրենց ընկերոջը։
«14 միլիոն դոլարը ես չեմ կարծում, որ եթե ապացուցվի, 14 միլիոն դոլարը միայն իր մոտ է մնացել։ Ես վստահ եմ, որ այդ 14 միլիոն դոլարը տարբեր տեղեր է տանելո։ Գումարը ահռելի է, ես վստահ չեմ, որ դա միայն մի գրպան է գնացել»,-ենթադրում է «Ելք»-ական պատգամավորը։
Էդմոն Մարուքյանը նույնպես համոզված է, որ այս խորհրդարան այդպես էլ չի հանձնի Արամ Հարությունյանին, իսկ դա նշանակում է, որ հանրապետական պատգամավորը եւս 20 օր անձեռնմխելի է
«Եվ երդման օրը, երբ որ խորհրդարանը կերդվի, այսինքն, առաջին նիստը կգումարվի, այդ պահից կդադարի նրանց լիազորությունները, որոնք դեկտեմբերի 9-ին չեն ընտրվել խորհրդարան»,-պարզաբանում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը։
«Ելք»-ական պատգամավորը համոզված է, որ սա կոռուպցիոն միակ դեպքը չէ։ Հնարավոր է, որ բացահայտվի ընդերքը վաճառողներիի, գործարանները թալանողների եւ երկրի ստրատեգիական հարստությունը անօրինական ճանապարհներով դուրս տանողների մի ամբողջ շղթա․ «Սա մի օրվա բան չի, որովհետեւ մարդիկ պահանջում են հենց հիմա, բոլորը բացահայտել, վաղը»։
Պարոն Մարուքյանը համաձայն չէ, որ Արամ Հարությունյանի գործը շոու է հենց նախընտրական քարոզչության շրջանակներում՝ եթե սա շոու է, ապա այն քարոզչությունից առաջ է արվել, մեկ ամիս առաջ մենք գիտեինք այս գործի եւ այն մասին, թե ում անունն է շրջանառվում այս գործով։
«Իսկ ընդհանրապես, ամբողջ քարոզարշավը շոու է, որովհետեւ քաղաքական միջոցառումը, աշխարհում է էդպես, շոուի է վերածվում, այնպես որ որեւէ մեկը թող շոուից չբողոքի»,-առաջարկում է պարոն Մարուքյանը։
Ի դեպ, պարոն Մարուքյանին չի մտահոգում, որ քարոզարշավն ընթանում է «Իմ քայլը» դաշինքի եւ հանրապետականի միջեւ հակամարտությամբ։ Պատգամավորը գյուղերում զրուցում է մարդկանց հետ հենց այն պատճառով, որ նրանք են քվե տվողը եւ ոչ թե մյուս քաղաքական ուժերը։
Մանրաասները՝ տեսանյութում։
Մհեր Արշակյան