Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.08.2026 | 13:39Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում «Պլատֆորմային տնտեսության մասին» նոր օրենքը, որը սահմանում է էլեկտրոնային առևտրի և առցանց հարթակների գործունեության թափանցիկ կանոններ:
Միշուստինի խոսքով՝ նոր օրենքի համաձայն, եթե ապրանքի նկատմամբ գործում են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներ, ապա ռուսական առցանց հարթակներում պարտադիր կարգով ստուգվելու է ԵՏՄ միասնական ռեգիստրում համապատասխանության սերտիֆիկատի կամ հայտարարագրի առկայությունը։
«Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել արտադրանքի համապատասխանության գնահատման տվյալների ժամանակին արդիականացման վրա, որպեսզի ապահովվի ապրանքների անխափան առաջխաղացումը ռուսական թվային առևտրային հարթակներով»,- ընդգծել է Միշուստինը։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

