Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ապօրինի պահվող երկու գայլ տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ ստացված ահազանգի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծովագյուղի բնակիչ Մ․Ա․-ն իր տան բակի փակ շինությունում, առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, պահում էր մեկ արու և մեկ էգ գայլ։
Օգոստոսի 4-ին ԲԸՏՄ տեսուչների և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի մասնագետների համատեղ աշխատանքով կենդանիները անվտանգ տեղափոխվել են կենդանաբանական այգի, որտեղ անցել են առաջնային անասնաբուժական զննում, պատվաստվել և չիպավորվել։
Ներկայումս գայլերը գտնվում են մասնագիտական մշտադիտարկման և պատշաճ խնամքի ներքո։
Քաղաքացու նկատմամբ նշանակվել է 150 հազար դրամ վարչական տուգանք։

