Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
Հասարակություն
04.08.2026 | 22:42
Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքների և հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքները վերացվել են, և նշված մարզերի համայնքներում ու բնակավայրերում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետների իրականացրած օպերատիվ և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել վթարի հետևանքները և վերականգնել էլեկտրամատակարարումը։
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ցուցաբերած համբերության ու ըմբռնման համար»,-հայտնում են նախարարությունից։

