Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.08.2026 | 18:58Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, արձագանքելով ընդդիմությանը, նշել է, որ ինքը 2000-2005 թվականներին սովորել է համալսարանում և լավ ճանաչում է այն ժամանակվա «ոսկե երիտասարդությանը»։
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի այն պնդմանը, թե ինքը թիկնազորով չի շրջել, պատգամավորը նկատել է. «Ես լուրջ սկսել եմ պարոն Քոչարյանի ազնվությանը հավատալ… աչքովս տեսել եմ՝ սկզբում 06-ով է ֆռացել, հետո սպիտակ «Նիվա» է ունեցել՝ բավականին համեստ»։
Նա հավելել է, որ թեև հետագայում «Նիվան» փոխվել է շքեղ ամենագնացներով, սակայն Քոչարյանին անձամբ անվտանգության աշխատակիցներով չի տեսել։
Պատգամավորն անդրադարձել է նաև Վահագն Ալեքսանյանի հիշատակած դեպքին, երբ Լևոն Քոչարյանի մասնակցությամբ միջադեպի ժամանակ «Ալֆա» հատուկ ջոկատն էր միջամտել։
«Գուցե էլի ազնիվ է, գուցե ինքը չի կանչել «Ալֆան», որպեսզի այդ գործողությունները տեղի ունենան։ Գուցե ինքը այդտեղից դուրս է եկել, և «Ալֆան» հետո է եկել»,- հեգնանքով նշել է Գաբրիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

