Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.08.2026 | 20:15«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ձայների 63 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Պատգամավորներն աշխատանքն այսօր շարունակեցին ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկմամբ․ ՔՊ-ից այս պաշտոնին հավակնում են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստան»-ից՝ Արամ Վարդևանյանը։
Նորընտիր ԱԺ-ն անդրանիկ նիստի աշխատանքը սկսել էր դեռ երեկ․ նիստը մինչև Ռուբինյանի ընտրությունը վարում էր տարիքով ամենաավագ պատգամավորը՝ 81-ամյա Կնյազ Հասանովը։ Առաջին իսկ րոպեներից ընդդիմադիր պատգամավորները հարց բարձրացրին, թե ինչո՞ւ նիստին ներկա չէ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչը նախկինում ավանդույթ էր։
«Դուք, որպես տարիքով ավագ 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ գումարման ԱԺ առաջին նիստերը նախագահող, պարզաբանում տվեք՝ ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքը չի իրացվել»,- հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Իմ իրավունքների մեջ չի մտնում, կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա դեմը չէր կարող առնել»,- պատասխանեց Հասանովը։
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը հանդես եկավ ուշագրավ նախաձեռնությամբ։
«Ես այս օրը համարում եմ զրոյական կետ իմ և ձեր հարաբերություններում, և ընդհանրապես զրոյական կետ խորհրդարանական հարաբերություններում։ Ես առաջարկում եմ իմ նոր մատնանշած մոդելն ընդունել որպես կոնսենսուս՝ բարեկիրթ, սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև և կառուցողական խորհրդարանական աշխատանք»,- ասաց նա։
Բուռն քննարկման առարկա դարձան Ռուբինյանի՝ Թուրքիայում իրականացրած գիտական աշխատանքն ու նրա գործունեությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։
«Այս ձեր հարցերի տողատակը ո՞րն է, արդյո՞ք ես Թուրքիայում հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին և արդյո՞ք նրանք ինձ հավաքագրել են։ Ուղիղ հարցրեք, ասեք՝ արդյո՞ք այդպես է, ես էլ ասեմ՝ ոչ»,- պատասխանեց Ռուբինյանը։
Ռուբեն Ռուբինյանը մանրամասնեց, որ 2017-18 թվականներին Ստամբուլում է եղել «Հրանտ Դինք» հիմնադրամի հետազոտական ծրագրով, սովորել է թուրքերեն և չի հանդիպել որևէ պետական պաշտոնյայի։
«Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանն ուղիղ հարց ուղղեցին Ռուբինյանին՝ Տիգրանաշենը ՀՀ տարա՞ծք է, թե՞ ոչ։
«Հայաստանի ինքնիշխան տարածքը կազմում է 29,743 կմ²։ Անկլավների հարցերը լուծվելու են սահմանազատման հանձնաժողովների շրջանակում»,- ասաց Ռուբինյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը ամբիոնից բարձրացրեց Բաքվի բանտերում պահվող գերիների հարցը։
«Խաղաղության մասին խոսել և չխոսել հայ գերիների՝ օր առաջ վերադարձի մասին, նշանակում է՝ չհասկանալ, որ նրանց առկայությունը Բաքվի բանտերում փակում է իրական և անկեղծ խաղաղության օրակարգը»,- նշեց նա։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները հարցականի տակ դրեցին խորհրդարանի լեգիտիմությունը՝ պնդելով, որ հունիսի 7-ի ընտրությունները եղել են ամենախայտառակը։ Մեղադրանքներ հնչեցին վարչական ռեսուրսի չարաշահման, «փոշիացված ձայների» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների «գողության» վերաբերյալ։
ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը հարցրեց ընդդիմությանը՝ եթե համարում են, որ խորհրդարանը լեգիտիմ չէ, իսկ ընտրությունները կեղծվել են, ինչո՞ւ են վերցրել մանդատները և ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս պայքարելու։
Կրքերը բորբոքվեցին, երբ ի պատասխան ընդդիմադիրների հարցապնդումների, թե ո՞ւր է Վեհափառը, Չախոյանը հարց ուղղեց ընդդիմությանը․ «Ո՞ր Վեհափառի մասին է խոսքը, ժողովուրդ ջան, Կտրիճ Ներսիսյանի՞»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, քննադատելով նիստը նախագահողին, հայտարարեց մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ զոհված զինվորների, ինչը դահլիճում իրարանցում առաջացրեց։
Ի դեպ, պատգամավորի երդման տեքստը հնչեցնելիս ընդդիմությունը ոտքի չկանգնեց․ իշխանականները սա որակեցին վատ սկիզբ և անհարգալից վերաբերմունք պետականության նկատմամբ։ Չնայած դրան՝ 9-րդ գումարման խորհրդարանի առաջին երկու աշխատանքային օրերն անցան առանց լուրջ միջադեպերի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

