ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.07.2026 | 19:00Ռուսաստանի կողմից հայկական կաթնամթերքի ներմուծման արգելքը ոչ թե տնտեսական, այլ ռազմական քայլ է՝ Հայաստանի դեմ շարունակվող հիբրիդային պատերազմի շրջանակում։ Factor TV-ի եթերում այսպիսի գնահատական է հնչեցրել ռազմական փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը՝ պնդելով, որ Հայաստանը պետք է ընդունի պատերազմական իրողությունը և արմատապես փոխի իր մոտեցումը Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ։
Ըստ փորձագետի՝ 44-օրյա պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո հակամարտությունը չի դադարել, պարզապես տեղափոխվել է այլ հարթություն։ «Վերջացել են լայնածավալ ռազմական գործողությունները, իսկ պատերազմը Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի դեմ շարունակվում է հիբրիդային մեթոդներով։ Եվ հայկական կողմը, հասարակությունը, չի ուզում ընդունած լինի, որ պատերազմը շարունակվում է»,- նշեց նա՝ հավելելով, որ Ռուսաստանն իր ձեռքի տակ եղած բոլոր, այդ թվում՝ տնտեսական լծակները, կիրառում է որպես ռազմական միջոց։
Արզումանյանը համոզված է, որ Մոսկվայի վերջին քայլերը ոչ թե ուժի, այլ Ուկրաինայի դեմ պատերազմում անհաջողությունների հետևանքով առաջացած թուլության դրսևորում են։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը թուլանալով դառնում է ավելի ագրեսիվ և հարվածում է այնտեղ, որտեղ պոտենցիալ սպառնալիք է տեսնում։
Փորձագետը քննադատել է Հայաստանի վերջին վեց տարիների քաղաքականությունը, որը, ըստ նրա, հիմնված է եղել զիջումների և զգուշավորության վրա, մինչդեռ կայսերական հոգեբանությամբ առաջնորդվող պետությունները թուլությունը չեն հարգում։ «Ռուսի հետ, թուրքի հետ այդպես խոսել չի կարելի։ Դու նրանց չես կարող խնդրելով, ողջախոհության կոչ անելով կամ համաձայնվելով՝ քո նպատակներին հասնես։ Այնտեղ ուրիշ լեզու պիտի կիրառվի»,- պնդում է Արզումանյանը։
Որպես այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարահ՝ նա առաջարկում է կտրուկ և վճռական քայլեր․ «Միակ մեթոդը, միակ միջոցը՝ լինել շատ ագրեսիվ, շատ կռվարար և պատրաստ լինել Ռուսաստանին ուղարկել իրենց ճանապարհով դեպի հյուսիս։ ՀԱՊԿ-ից պիտի դուրս գաս, Ռուսաստանի ռազմական ներկայությունը դուրս շպրտես Հայաստանից, այդ ժամանակ Ռուսաստանը քեզ հետ կխոսի արդեն ուրիշ ձևով»,- նշել է նա։
Խոսելով Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման մասին՝ Արզումանյանն այն դիտարկում է ոչ թե որպես արագ լուծումների կամ տնտեսական շահի, այլ որպես հայկական պետականության որակական փոփոխության հնարավորություն։ Սա, նրա խոսքով, ենթադրում է բարձր ստանդարտների ներդրում կյանքի բոլոր ոլորտներում՝ կառավարումից մինչև արտադրություն և անվտանգություն։ Սակայն նա զգուշացնում է,որ սա երկարատև (10-15 տարվա) և ծանր աշխատանք պահանջող գործընթաց է, և հասարակությունը չպետք է ակնկալի ակնթարթային հրաշքներ։
Ամփոփելով՝ Հրաչյա Արզումանյանը գծում է Հայաստանի համար աշխարհաքաղաքական հաստատուն իրողությունները. «Կա երկու կոնստանտ։ Ռուսաստանը չի փոխվելու։ Ռուսաստանը մնալու է թշնամի… Թուրքիայի հետ այսօր, առաջիկա 20 տարին առնվազն, Թուրքիան պատրաստ չէ ուրիշ հարաբերությունների, բացի պատերազմից։ Ռուսաստանը և Թուրքիան քեզ համար թշնամի են։ Եվ դա քո ընտրությունը չի դա Ռուսաստանի և Թուրքիայի ընտրությունն է»։ Նրա համոզմամբ՝ այս իրողություններն ընդունելով՝ Հայաստանը պետք է դաշնակիցներ փնտրի այլ ուղղություններով՝ Արևմուտքում, Իրանում, Հնդկաստանում՝ մշտապես գործելով, փոխվելով և հարմարվելով արագ փոփոխվող աշխարհին, քանի որ պասիվ սպասելու իրավունք այլևս չունի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

