Ինչ է կատարվում Ծառուկյանի օբյեկտներում․ փակ դռներ, կապարակնիքներ և անորոշություն․ Factor TV-ի շրջայցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.07.2026 | 18:45Երկուշաբթի վաղ առավոտյան իրավապահների իրականացրած գործողություններից չորս օր անց ԲՀԿ ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի տան դիմաց հիմա իրավիճակը խաղաղ է։ Շքեղ առանձնատան, ինչպես նաև ամառանոցի մուտքի մոտ մեր նկարահանման պահին, ԱԱԾ աշխատակիցների փոխարեն, Ծառուկյանի անվտանգության և տան աշխատակիցներն էին։
Սահմանադրական դատարանը շաբաթ հրապարակեց որոշումը՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ-ի արձանագրած արդյունքները, որոնցով ԲՀԿ-ն խորհրդարան չանցավ։ Երկու օր անց Ծառուկյանին և ընտանիքին պատկանող ավելի քան 80 ընկերություններ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում, սկսվեցին լայնածավալ խուզարկություններ։ Դրանցից շատերն այս պահին փակ են։
Երկու ամսով կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանը մեկն է այն օբյեկտներից, որը կապարակնքված է, իսկ աշխատանքային գործունեությունը՝ դադարեցված։ Այստեղ մուտքն արգելող ժապավեններ են անցկացված և փակցված է քննիչի որոշումը։ Ռեստորանին կից «Շանգրի լա» խաղատունը ևս փակ է. դրա լիցենզիան դեռևս հունիսի 22-ին էր դադարեցվել. հրամանը ստորագրել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Առայժմ հայտնի չէ, թե ընկերությունների՝ հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները երբ կկարողանան վերադառնալ աշխատանքի։ Անորոշություններ են նաև «Փարավոն» ռեստորանում միջոցառման համար օր ամրագրածների մոտ։
«Մասնագետները զբաղվում են այդ հարցերով, փորձում ենք կանոնակարգել, տեղեկացրել են բոլորին, որ հարկադիր պարապուրդի են մատնված, որ դա իրենց պատճառով և իրենց մեղքով չի, բայց, այնուամենայնիվ, իրականում սարսափելի իրավիճակ է ստեղծված այդ ձեռնարկություններում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Factor TV-ի այցի ժամանակ «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի բոլոր մուտքերը ոստիկանական արգելող ժապավենով փակված էին, իսկ տարածքում մարդ չկար։ Ավելի ուշ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է խոշոր չափի թաքցված շրջանառություն։
Արուսյակ Կապուկչյանը մեկն է այն մարդկանցից, որոնք նոր փաթեթ են ձեռք բերել «Մուլտի Վելնես» հաճախելու համար, դրա դիմաց խոշոր գումար վճարել ու հիմա կանգնել փաստի առաջ։ Ընկերության հեռախոսահամարը չի պատասխանում։ Հաջողվում է կապ հաստատել իրեն սպասարկած աշխատակցի հեռախոսահամարով․ «Դեռ անորոշ ժամանակով փակ է, բայց լավատեսությամբ սպասում ենք, որ հաստատ բացվելու է, ուղղակի այս պահին մեզ հստակ տեղեկություն չեն ասում, էլի, թե երբ»։
Նորմալ աշխատանքային գործընթացին վերադառնալու ժամկետների մասին չգիտեն նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում (ՀԱՕԿ) աշխատողները։
ՀԱՕԿ-ը, որի նախագահն ավելի քան 22 տարի է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ևս փակ է, կապարակնքված, կրկին առկա է քննիչի որոշում։ Անվտանգության աշխատակիցները շենքի պաշտպանությունն իրականացնում են դիմացի կանաչ տարածքից։
Իրավիճակը մի փոքր այլ էր «Նոյ» գինու և կոնյակի գործարանում․ այստեղ գլխավոր մուտքի դուռը բաց էր, բայց՝ ոչ մեզ համար։
Մեզ վրա դուռը փակած անձինք քաղաքացիական հագուստով էին՝ գործարանի՞ աշխատակից էին, թե՞ պետական կառույցի, այդպես էլ պարզ չդարձավ։ Ուշագրավ է, որ եթե մուտքի դուռը բաց էր, ապա մի քանի քայլ այն կողմ գտնվող ճաղավանդակով դուռը կապարակնքված էր, փակցված էր նաև քննիչի որոշումը։ Իրավիճակը նույն էր նաև շենքի հակառակ կողմում գտնվող «Մուլտի գրուպ կոնցեռն»-ում։ Պետական մարմինների ուշադրությունից դուրս չի մնացել նաև Ծառուկյանի շքեղ առանձնատան հարակից տարածքում գտնվող «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանով բենզալցակայանը։
«Բենզալցակայան շահագործող ընկերությունն առանց համապատասխան փաստաթղթավորման՝ ձեռք է բերում վառելիք ու առանց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու և այդ գործարքները հարկային հաշվառման մեջ արտացոլելու՝ վաճառում է սպառողներին»,- հաղորդագրություն էր տարածել ՊԵԿ-ը։
Ըստ հաղորդագրության՝ պետությանը պատճառվել է շուրջ 500 մլն դրամի վնաս։ Ավելի ուշ բենզալցակայանի հաշվապահը մեզ հետ զրույցում նշեց՝ տարածքը պատկանում է Ծառուկյանի որդուն՝ Հովհաննես Ծառուկյանին։
«Տարածքը պատկանում է իրենց, մենք վարձակալությամբ այդ տարածքը վերցրել ենք: Ֆիրմայի հարյուր տոկոս փայատերը և տնօրենը հանդիսանում է Արթուր Թելմանի Քոչարյանը: Իրենց հետ այս գործունեությունն ընդհանրապես կապ չունի: Ոչ մի ինչ-որ ստուգում չի իրականացվել, միանգամից հարձակում է գործել ու սկսել այս գործընթացը: Սա տրամադրվածություն է մեր հանդեպ»,- ասում է հաշվապահը։
Ստացվում է՝ բազմաթիվ աշխատակիցների պարապուրդը դուրս է ընկերությունների ղեկավարների իրավասության տիրույթից, մինչ այդ, խոստումներ է տալիս Կառավարության ղեկավարը։
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն։ Այսինքն՝ այդ մարդկանց շահերը չենք անտեսի»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
ԲՀԿ ղեկավարի թիմն այս ամբողջ գործընթացը քաղաքական հետապնդում է որակում, իշխանությունը՝ արդարության վերականգնում։ Ի վերջո, ե՞րբ և արդյո՞ք կվերաբացվեն փակված ընկերությունները, այս անգամ ի՞նչ ընթացք կունենա Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթը․ այս հարցերի պատասխանները պարզ կդառնան առաջիկայում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

